Չնայած սպառնալիքներին` Թուրքիան չունի լծակներ Վատիկանի դեմ. Լևոն Հովսեփյան
Սբ. Պետրոսի տաճարում նախօրեին մատուցված պատարագն ուներ ինչպես համաքրիստոնեական, այնպես էլ` համամարդկային նշանակություն, և այն աննախադեպ էր Հայոց ցեղասպանության հիշատակման ու նահատակների ոգեկոչման տեսանկյունից: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ըստ նրա` Թուրքիայի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ պատարագը ներկայացրել է զուտ կրոնական արարողության տեսանկյունից և մեղադրանքներ հնչեցրել Հռոմի պապի հասցեին` կրոնների միջև ջրբաժաններ ու պառակտումներ մտցնելու համար: Թուրքիան ջանում է պատարագը ներկայացնել հենց այդ տեսանկյունից` Հռոմի պապի ելույթը որակելով որպես «ռասիզմի և ատելություն սերմանելու» դրսևորում:
«Թուրքիայում լրջորեն անհանգստացած և շփոթված են տեղի ունեցածից: Չնայած պաշտոնական Անկարայի ջղաձգումներին ու հնչեցվող սպառնալիքներին` թուրքական կողմը չունի համապատասխան լծակներ Վատիկանի դեմ, ի տարբերություն շատ երկրների պարագայում, իր ավանդական շանտաժի և ճնշումների քաղաքականությունը բանեցնելու արդյունավետության հարցում, սակայն, պետք է փաստել, որ այդուհանդերձ, բավական ակտիվ են եղել թուրքական կողմի ճնշումներն ու պատարագը խափանելուն ուղղված ջանքերը: Պատարագն իր բնույթով համամարդկային կարևոր նշանակություն ուներ: Սա թերևս Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում առանձնանում է իր աննախադեպությամբ ու կարևորությամբ: Այս առումով Սուրբ Աթոռում և Իտալիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կատարած ահռելի աշխատանքը պետք է օրինակ դառնա մեր դիվանագիտական մյուս ներկայացուցչությունների համար»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան