Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Իրանին S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրելու վերաբերյալ արգելքը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշմամբ՝ Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու մասին արգելքը չեղյալ է հայտարարվել»,-այդ մասին հաղորդում է «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԻԻՀ և ՌԴ միջև «S 300» ՀՀՊ համակարգի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝ Ռուսաստանն Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլլար արժողությամբ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը, որը, սակայն, արևմտյան որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի գործադրած ճնշումների պատճառով չի տրամադրվել, որից հետո էլ Իրանը «S-300»-ի համար վճարած կանխավճարը ստանալու համար դիմել է միջազգային դատարան:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ս.թ. հունվարին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանն ու Ռուսաստանը S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) հետ կապված խնդրի հարցում համաձայնության են եկել:
Ավելի ուշ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «S-300» հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՊՀ) վերաբերյալ կողմերի միջև առկա տարաձայնությանը, մասնավորապես նշել էր. «Իրանը սպասում է, որպեսզի Ռուսաստանը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարի և «S-300» ՀՊ համակարգն Իրանին հանձնի»: