Վրաստանից Սիրիա պոտենցիալ ահաբեկիչների հոսքը շարունակվում է. փորձագետ
Այն, որ Սիրիական հակամարտությունում իսլամական ծայրահեղական խմբավորումների կազմում կռվում են Վրաստանի քաղաքացիներ, արդեն վաղուց գաղտնիք չէ: Որպես նշվածի ապացույց կարելի է առանձնացնել մի քանի անձանց անուններ, որոնք Վրաստանի Պանկիսիի շրջանի բնակիչներ են, և Սիրիական հակամարտության անցած մի քանի տարիների ընթացքում լրջորեն ներգրավված են եղել այդ երկրի տարածքում իրականացվող ռազմական գործողություններում:
Դրանցից կարելի է առանձնացնել Սայֆուլլահ Աշ-շիշանիին, պանկիսցի Ռուսլան Մաչալիկաշվիլիին, ով, հանդես էր գալիս ահաբեկիչների շարքերից: Վերջինս սպանվեց մեկ տարի առաջ Հալեպում:
Մեկ այլ առանցքային դեմքերից է նաև իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներից մեկի առաջնորդ, Վրաստանի Բիրկիանի գյուղի բնակիչ Թարխան Բաթիրաշվիլին (Աբու Ումար աշ-Շիշանին), ով մինչ Սիրիա տեղափոխվելը, ռազմական գործողությունների հարուստ փորձ էր ձեռք բերել 2006-2007թթ վրացական բանակի հատուկ հետախուզական խմբավորման կազմում ծառայելու ընթացքում, ապա 2008թ-ին մասնակցել ռուս-վրացական օգոստոսյան պատերազմին: Ի դեպ, վերջինիս վնասազերծելու մասին համացանցում մի քանի անգամ լուրեր են տարածվել, սակայն փաստեր այդ մասին չկան:
Այսօր էլ Վրաստանից Սիրիա, ինչպես և Իրաք, պոտենցիալ ահաբեկիչների հոսքը շարունակվում է, իսկ թեկնածուները հիմնականում երիտասարդներ են, ովքեր գայթակղվում են ոչ միայն ֆինանսական շահով, այլ նրանք առաջնորդվում են գաղափարական մղումով:
Այդ երիտասարդների շրջանում հիմնականում քարոզություն են իրականացնում փորձառու և ավելի հասուն տարիքի նրանց հայրենակիցները, ովքեր ջանք չեն խնայում իրենց արդարացնելու, այն է. խոշոր գումարների դիմաց մարդկանց հավաքագրում են և ուղարկում Սիրիա, Իրաք կռվելու ահաբեկիչների շարքերում:
Համացանցում հաճախ տարածվում են ծագումով պանկիսցի երիտասարդների նկարներ՝ Իրաքում և Սիրիայում մարտնչող այս կամ այն ահաբեկչական խմբավորման սիմվոլների կամ դրոշների պատկերների ֆոնին: Նման լուսանկարներում հանդիպում են նույնիսկ 15-16 տարեկան անչափահասներ, ովքեր զենքերը ձեռքին հպարտորեն ցուցադրում են իրենց:
Վերոնշյալ խնդիրն, իրոք, լրջագույններից է, և, անխոս, պետք է որ արդեն վաղուց դառնար Վրաստանի համար մտահոգության առարկա: Սակայն, ի տարբերոթյուն հասարակական շրջանակներում առկա անհանգստության, վրացական իշխանությունները և պատկան մարմինները, կարծես, անտարբերություն են ցուցաբերում տվյալ հանգամանքի նկատմամբ: Նշված իրողությունը, թերևս, նպաստում է, որպեսզի պանկիսցիների հոսքը դեպի հակամարտության գոտի հանդիսացող հիշատակված արաբական երկրներ շարունակվի, ինչն, անշուշտ, խոչընդոտ է, ոչ միայն Սիրիական կամ Իրաքյան հակամարտության հնարավոր հանգուցալուծման տեսանկյունից, այլ նաև անցանկալի է մեր տարածաշրջանի համար՝ վերոնշյալ տրամադրությունների ձևավորման և զարգացման տեսանկյունից, քանի որ հայտնի է նույն այդ երկրներում նաև բազմաթիվ ադրբեջանցի վարձկան ահաբեկիչների մարտնչելու վերաբերյալ:
Հ.Գ.Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ նույնիսկ ներկա զարգացումների պայմաններում առավել կարևոր է հիշատակված ահաբեկչական փոքր օջախների վերացումը՝ կրթադաստիարակչական մեթոդների կիրառմամբ, լինի դա Վրաստանում, Ադրբեջանում կամ՝ մեկ այլ պետության տարածքում, քանի որ հաստատված իրողություն է, թե այդ փոքր օջախներն ինչպես են վերածվում զանգվածային և անկանխատեսելի շարժումների՝ դառնալով հազարավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ:
Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանց