Արվեստի վաստակավոր գործիչ. Մենք չենք կորցնում մեր ազգային մշակույթը, ուղղակի մոռանում ենք մեր գանձերի մասին
«Ազգային մշակույթը քո էությունն է: Այն պետք է հարուստ լինի: Իսկ էությունը հնարավոր է հարստացնել քո պապերի մշակույթով: Այսօր խոսել հայ մշակույթի անկման մասին, անթույլատրելի եմ համարում, ունենք մշակույթի, արվեստի վառ նմուշներ, որոնք թույլ են տալիս ասել, որ մեր մշակույթը զարգանում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանը:
Նա նշեց, որ տարբեր մշակույթներից տարբեր տարրերի ներմուծումը ազգային մշակույթի մեջ, անխուսափելի է, բայց պետք է ձերբազատվել այն ազդեցություններից, որոնք խանգարում են մեր ազգային ինքնությանը: Ըստ մասնագետի, ազգային մշակույթի տարածման գործում մեծ դեր է խաղում կրթությունը:
Ասուլիսն ներկա երգչուհի, արվեստի վաստակավոր գործիչ Անուշ Արշակյանն ասաց, որ հայ ազգը չի կորցնում իր ազգային մշակույթը, ուղղակի մոռանում է մեր գանձերի մասին՝ ընկնելով դատարկ ու սին պատրանքների հետևից, արտաքին աշխարհից ներմուծվող գովազդային մակարդակով մատուցվող ինֆորմացիայի հետևից:
«Մենք ավելի շատ սիրում ենք լինել աշխարհի քաղաքացի, քան հայրենասեր: Մեզ համար հայրենասիրությունը կապված է նեղ մտածելակերպի հետ: Բայց այպես չէ: Իրական հայրենասերը նա է, ով կարողանում է գնահատել իրականությունը»,- նշեց նա: