...Նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն... Համո Սահյանին «բացակա չենք դնի» (լուսանկարներ, տեսանյութ)
«Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է...Ինձ համար գաղտնիք է մնում, թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...»,-այս խոսքերի հեղինակը թատերագետ Լևոն Հախվերդյանն է, որոնք մեկ անգամ ևս ընդգծում են Համո Սահյանի մեծությունը:
Հարյուր տարի առաջ՝ 1914թ. ապրիլի 14-ին, ծնվեց Համո Սահյանը, մեր ժամանակների հրաշալի բանաստեղծներից մեկը, ով
մարդու մեջ տեսավ բնությունը և բնության մեջ` մարդուն:
Հ. Սահյանի բանաստեղծությունները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Եւ պատահական չէ, որ Սահյանը բոլոր ժամանակներում վայելել է մեծ ժողովրդականություն:
«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը` Համո Սահյանը: Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...»,- գրել է Սահյանի ընկերը` բանաստեղծ Վահագն Դավթյանը:
Համո Սահյանի պոեզիան դրա վառ արտահայտությունն է: Բանաստեղծը երկար ճանապարհ է անցել` իրեն բնության մի մասնիկն զգալու և նրա հետ ու նրա միջոցով հավերժելու համար: Ինչպես ինքը` Սահյանն է խոստովանել` սկզբում նա բնությունը տեսել-զգացել է իր միջոցով, ապա հասուն տարիներին ձգտել է իրեն հասկանալ բնության միջոցով:
Բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանն էլ նշում է, որ Սահյան ասելով` երբեմն միայն բնաշխարհ ու բնություն են պատկերացնում, մինչդեռ Համո Սահյանը միայն բնապատկերը չէ:
«Նրա պոեզիան նախեւառաջ Համո Սահյան անհատն է` իր սիրո տառապանքով, իր մարդկային ճակատագրի դժվարություններով, իր մանկության տարիների հիշողությամբ, իր ապրած կյանքի լույս ու ստվերով»,- ասել է Շ.Դավթյանը:
Սահյանական տարի էր 2014-ը: Բանաստեղծին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեցին Երևանում, Սահյանի ծննդավայրում` Լոր գյուղում, Արցախում և Սփյուռքում: Սահյանին մեծարեցին, շարունակում են և կշարունակել մեծարել: Նա դեռ կշարունակի ապրել այնքան ժամանակ, մինչև կդադարենք հիշել նրան, բայց արդյոք կդադարենք…
Մեծ բանաստեղծի պատվիրաններից մեկն ասում է` «Ինձ բացակա չդնեք», որը ժամանակակից սերունդը փորձում է իրականացնել և ասում ենք` մենք Սահյանին երբեք «բացակա չենք դնի»: