ԻԻՀ ԱԳ նախարար. Միջուկային զենքը վնաս կհասցնի Իրանի անվտանգությանը
«Միջուկային զենքը վնաս կհասցնի Իրանի անվտանգությանը, այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտգործնախարարն Իսպանիա կատարած այցի ընթացքում, անդրառնալով միջուկային խնդրի հանգուցալուծման սկզբունքների շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև Լոզանում տեղի ունեցած բանակցություններին, մասնավորապես նշել է. «Մենք պայմանավորվել ենք, որ Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական բոլոր պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն. Ես ներկայում երկու խնդիր եմ տեսնում. Առաջինը՝ դա համաձայնագրի տեքստի մշակումն է, իսկ երկրորդը՝ պատժամիջոցների վերացումը:
Պայմանավորվածություն ունենք, որ առաջիկա երեքշաբթի օրը հավաքվենք և սկսենք աշխատել համաձայնագրի տեքստի մշակման շուրջ»:
Շարունակելով խոսքը՝ Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Մենք վստահ ենք, որ մեր ծրագիրն ունի խաղաղ նպատակներ, մենք վստահ ենք, որ այդ ծրագիրն իրականացնելու իրավունքն ունենք»
Նշենք, որ ս.թ. ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Եվրամիության դատարաններից մեկն Իրանի «Թեջարաթ» բանկի և 32 ընկերությունների նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառեց:
Ի պատասխան Եվրամիության գործողություններին` ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 2-ին Լոզանում միջուկային խնդրի հանգուցալուծման վերաբերյալ Իրանի և «5+1 խմբի» արած համատեղ հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Մենք ոչ մի համաձայնագիր էլ չենք ստորագրի, եթե համաձայնագրի ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված հայտարարությունը