The Jerusalem Post. «Պապից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի հերթն է»
Իսրայելական The Jerusalem Post պարբերականը հոդված է հրապարկել Հայոց ցեղասպանության մասին, որով կոչ է անում Իսրայելի կառավարությանը ճանաչել այն ճիշտ այնպես, ինչպես Վատիկանում սուրբ պատարագի ժամանակ այդ արեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
«Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի օրվան ընդառաջ Իսրայել պետությունը պետք է հետևի պապի օրինակին և հայերի ծրագրված ջարդերը ճանաչի այնպես, ինչպես դրանք կան` այսինքն ցեղասպանություն»,- գրում է պարբերականը:
Պարբերականը մանրամասն անդրադարձ է կատարում 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջմանը: Ըստ պարբերականի` կան մի քանի հիմնավոր պատճառներ, որոնցից ելնելով էլ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ այդմ` համաձայն պարբերականի, բացի համայն մարդկության առաջ ունեցած պարտավորությունից, Իսրայելը նաև յուրահատուկ պարտք ունի, որը պետք է կատարի ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:
Պարբերականի դիտարկմամբ` Իսրայելը որպես պետություն իր սուվերենությամբ կայացել է նաև շնորհիվ այն բանի, որ միջազգային հանրությունը ճանաչեց և դատապարտեց Հոլոքոստը, հետևաբար Իսրայելը պետք է իր քաղաքական լեգիտիմությունը օգտագործի ցեղասպանությունները կանխելու համար:
«Որպես կրոնական փոքրամասնություն, որն ապրում է առավելապես մահմեդականներով բնակեցված Մերձավոր Արևելքում, հրեա ժողովուրդը հանդիսանում է տարածաշրջանի քրիստոնյաների բնական դաշնակիցը: Հայոց ցեղասպանությունը վտանգավոր հիշեցումն է այն իրողության, որին բախվում են հրեաները, քրիստոնյաները և այլ կրոնական փոքրամասնությունները, ովքեր ապրում են աշխարհի այս հատվածում: Ապագա ցեղասպանությունների հավանականությունը Մերձավոր Արևելքում ավելի մեծ է, քան որևէ այլ տեղում: Հռոմի պապը հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հետևաբար այժմ Իսրայելի հերթն է»,- գրում է պարբերականը: