Հայոց ցեղասպանության մասին գրականությունը` Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառում
Այսօր Մեծ բրիտանիայի մայրաքաղաքում կբացվի Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառը: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 17.00-ին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Բացման արարողությանը կմասնակցեն եվրոպացի գրողներ, ովքեր մինչ այդ` «Գրական տապան» փառատոնի շրջանակում, եղել են Հայաստանում: Գրողները հատվածներ կկարդան Հայաստանի մասին իրենց ստեղծագործություններից: Տոնավաճառում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքերը՝ հատուկ շեշտելով օտալեզու հրատարակությունները, որոնց թվում կլինի ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված մոտ 300 անուն գիրք՝ Հայաստանից և արտերկրից: Առանձին հատված կնվիրվի Հայոց ցեղասպանության խնդիրներն արծարծող գրականությանը:
Տաղավարում ներկայացված կլինեն լոնդոնաբնակ պատմաբան Ռուբեն Գալըչյանի ուսումնասիրությունները, որոնցում ներկայացվում է Հայաստանը աշխարհի քարտեզներում: Տեղի կունենան մի շարք միջոցառումներ և շնորհանդեսներ, այդ թվում՝ Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց» գրքի և ֆիլմի ներկայացումը, Նուրիցա Մաթոսյանի «Արշիլ Գորկի, Հրանտ Դինք» խորագրով ելույթը, Ջոնաթան Թեյլորի «Զվարճացնող օտարները» և այլ գրքերի շնորհանդեսներ: Տեղի կունենա Վասիլի Գրոսմանի «Հայկական ալբոմ» գրքի շնորհանդեսը, որը կներկայացնի թարգմանիչ Ռոբերտ Չանդլերը: Գիրքը պատմում է Գրոսմանի՝ խորհրդային շրջանում Հայաստանում անցկացրած ամիսներին ստացած տպավորությունների մասին:
Ապրիլի 15-ին «Քարլթոն Հաուս Թերաս» ակումբում տեղի կունենա նաև Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի շնորհանդեսը:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառի ողջ ընթացքում, վերոնշյալ ծրագրի ներկայացման նպատակով` մի շարք հանդիպումներ տեղի կունենան արտերկրի հրատարակչությունների հետ:
Հայաստանյան պատվիրակության կազմում կլինեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալվարդ Սերոբյանը, Հայ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը և հոլանդացի գրող, «Գրական տապան» փառատոնի մասնակից Սերժ վան Դայնհովենը: