Los Angeles Times. «ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունն իր անունով պետք է կոչի»
Ամերիկյան Los Angeles Times պարբերականի խմբագրականը «ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունն իր անունով պետք է կոչի» վերնագրով հոդված է տպագրել, որում անդրադարձ է կատարել ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին, ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարությանը կոչ արել հետևել պապի օրինակին և Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն անվանել:
«Կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ մատուցեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը խլեց 1.5 մլն հայերի կյանք, և կոչ արեց այդ կոտորածն իր անունով կոչել` ցեղասպանություն: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի կառավարությունը իր մոտ կանչեց Անկարայում Վատիկանի դեսպանին` զրույցի համար, և «խորհրդակցության» նպատակով Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղուն հայտարարեց, որ «պապի ելույթը, որը անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ, պարզապես անընդունելի է»:
Եվ դա ճիշտ է: Օսմանյան կայսրության կողմից զանգվածային սպանություններից մեկ ամբողջ դար հետո Թուրքիան շարունակում է ժխտել փաստագրված պատմական իրողությունը, որ Թուրքիան էր պատասխանատու առաջին ցեղասպանության համար, որը վերածվեց էթնիկ, կրոնական և քաղաքական բռնությունների գրոտեսկի դարի` Հոլոքոստից Կամբոջա և Ռուանդա:
Թուրքիայի անազնիվ դիրքորոշումն իրական հանցագործությունը ծանրացնում է ժխտողականության վիրավորանքով: ԱՄՆ կառավարությունը հանցակից է Թուրքիայի անհնազանդությանն առաջին հերթին ռեալպոլիտիկի քաղաքականության արդյունքում, որը հարգում է ռազմավարական դաշնակցին աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում:
Այդ է պատճառը, որ ամերիկացի նախագահները իրար հետևից հրաժարվում են ցեղասպանությունը ցեղասպանություն անվանել:
Թեև Բարաք Օբաման որպես նախագահի թեկնածու խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում «ճանաչել Հայոց ցեղասպանությունը», նա, ինչպես իր նախորդները, խուսափեցին օգտագործել այդ բառը` իրենց հայտարարություններում հայերենով ասելով «Մեծ եղեռն»: Հետո նա գնաց ավելի հեռուն` կոտորածներն անվանելով «սարսափելի», սակայն միևնույն ժամանակ վերահաստատեց ԱՄՆ կառավարության «հավատարմությունը այն սկզբունքին, որ նման վայրագությունները պետք է միշտ հիշվեն, եթե մենք ցանկանում են կանխել դրանց կրկնումը»:
Սակայն ինչպե՞ս դու կարող ես հիշել, եթե դու չես ճանաչում փաստերը: Օբաման ասել է, որ «փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը բոլորիս շահերից է բխում», թեև նա շարունակում է դիվանագիտական պար պարել դաշնակցի հետ: Ճիշտ է, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շատ կարևոր են, սակայն ոչ պատմությունը ժխտելու հաշվին:
Ռազմավարական տեսանկյունից Թուրքիան ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի, իսկ ԱՄՆ-ն տարածաշրջանում (Մերձավոր Արևելք, panorama.am) լինելու: Սա դաշնակցություն է, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա, և մենք հույս ունենք, որ դա չի վտանգվի ճշմարտության պնդմամբ: Նախագահը պետք է հետևի Հռոմի պապին և ցեղասպանություն բառը ընդգրկի մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածների մասին իր ամենամյա ելույթում: Ամուր դաշնակցությունը նման ազնվություն է պահանջում»: