Հայոց ցեղասպանությունը ընդունած առաջին երկիրը հենց Օսմանյան կայսրությունն է. թուրքագետ
Թեև ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, բայց անհերքելի փաստ է, որ այն ընդունած առաջին երկիրը եղել է հենց Օսմանյան կայսրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը` անդրադառնալով Երիտթուրքերի դատավարությունների փաստաթղթերում Հայոց ցեղասպանության փաստին:
«Խոսքը վերաբերում է 1919-1921 թվականներին` Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացած երիտթուրքերի դատավարություններին կամ հայերի տեղահանության և կոտորածների հետևանքով հարուցված դատական գործերին, որոնց թիվը հասնում է 63-ի: Դրանք բոլորն էլ հարուցվել էին հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով»,- ասաց պատմաբանը:
Թուրքագետի խոսքերով` 1919-1921թթ-ին դեռ գոյություն չուներ Ցեղասպանություն տերմինը: «Ցեղասպանություն» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրվել 1948 թ-ին, սակայն այդ տարիներին տեղի ունեցած դատավարությունները և դրանց ժամանակ ներկայացված մեղադրական եզրակացությունները, կայացված դատական վճիռները, ըստ նրա, բացահայտորեն ցույց են տալիս, որ «ցեղասպանությունը» եզրույթը կարելի է բնորոշել հենց այս դատավարություններում ներկայացված փաստերով:
Ըստ բանախոսի` «ցեղասպանություն» եզրույթի եզրի հիմնական բնորոշիչ կողմը պետության կողմից նախապես ծրագրավորված լինելն է, և երիտթուրքերի գլխավոր դատավարության մեղադրական եզրակացության մեջ, որը բաղկացած էր 41 պաշտոնական փաստաթղթերից, շեշտը դրվում էր նրա վրա, որ այս հանցագործություններն ի սկզբանե կազմակեպվել են Երիտթուրքական կուսակցության և կառավարության կողմից:
Մելինե Անումյանը նշեց, որ 63 դատավարություններից ամենակարևորը երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարությունն է՝ 1919թ-ի ապրիլի 28-ից մինչ հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ ընդունված դատավճռով, հեռակա կարգով, մահվան են դատապարտվել Թալեաթը, Էնվերը և Ջեմալը: Մեղադրանքներ են առաջադրվել նաև դոկտոր Նազըմի նկատմամբ, ով մյուսների հետ համարվում է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուն։
Հարցին, թե հիմա Թուրքիայում հիշո՞ւմ են, որ ժամանակին հենց իրենք են դատապարտել Ցեղասպանության կազմակերպիչներին՝ Մելինե Անումյանը պատասխանեց. «Մինչև 2005 թ-ը թուրքական պաշտոնական պատմագրությունը աշխատում էր հնարավորինս քիչ բարձրաձայնել այդ մասին, թեև թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որն ապրում էր Գերմանիայում, ինչպես նաև մեծանուն ցեղասպանագետ Վահագն Դադրյանը արդեն սկսել էին այս թեմայով հրապարակումներ անել: Երբ թուրքերը համոզվեցին, որ այլևս հնարավոր չէ կոծկել դատավարությունների կայացման փաստը՝ այլ մարտավարություն ընտրեցին»:
Թուրքագետի խոսքերով` 2005 թ-ին թուրքական պաշտոնական պատմագրության խոսափող «Թուրքական պատմագիտական ընկերակցության» պատվերով թուրք պատմաբաններից մեկը Անկարայում հրատարակեց մի գիրք, որը նվիրված էր հենց հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններին և, բնականաբար, այս գիրքը գրված էր ժխտելու և կոծկելու մտադրությամբ և խեղաթյուրված են բազմաթիվ փաստեր: