Սրտաբանությունը ՀՀ-ում մեծ քայլերով զարգանում է. մեկնարկեց հայ սրտաբանների վեհաժողովը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկեց «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական վեհաժողովը: Այն անցկացվում է Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Վեհաժողովի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանում ընդհանուր մահացության մոտ 80 տոկոսի պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են, մասնավորապես, սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններն ու շաքարային դիաբետը:
Ըստ նախարարի` յուրաքանչյուր երկրորդ մահը Հայաստանում պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով:
«Վերջին 25 տարիներին սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացությունը մոտ 70 տոկոսով աճել է, և դա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- նշեց Ա.Մուրադյանը` միաժամանակ հավելելով, որ վերջին տարիներին սրտաբանությունը Հայաստանում մեծ քայլերով զարգացել է և այսօր ինչպես ինվազիվ, այնպես էլ կոնսերվատիվ սրտաբանության ոլորտում հայ սրտաբանները մեծ հաջողություններ են արձանագրել:
Ա.Մուրադյանը անդրադառնալով 2015թ. հունվարից Հայաստանում ներդրված սրտի անհետաձգելի անվճար վիրահատությանը, նշեց, որ մինչև այժմ ծրագրի շրջանակում վիրահատվել է 450 քաղաքացի։ Նա հիշեցրեց, որ սրտի անհետաձգելի վիրահատությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից է:
«Ոչ շռայլ պայմաններում կարողացել ենք 500 մլն դրամ տրամադրել վիրահատությունների համար: Բայց պետք է նաև նշեմ, որ այս ծրագիրը կյանքի է կոչվել մեր սրտաբանների շնորհիվ, և որպես նախարար` ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել: Ձեր սրտի զարկերի հաշվին այլոց զարկերն եք երկարացնում»,- ասաց Ա.Մուրադյանը: