Boston Globe. Հայոց ցեղասպանությունը նույնպես ջիհադ էր
Boston Globe-ի սյունակագիր Ջեֆ Ջաքոբին «Հայոց ցեղասպանությունը նույնպես ջիհադ էր» հոդվածում գրել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ոչ միայն կրկնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հովհաննես Պողոս II-ի 2001թ. հայտարարությունը, այլ մեկ քայլ եւս կատարեց՝ հավասարության նշան դնելով հայերի ոչնչացման եւ նացիստական Հոլոքոստի ու ստալինյան արյունահեղության միջեւ:
Նա նաեւ աշխարհի հնագույն քրիստոնեա ազգի նկատմամբ իրականացված օսմանյան ոճրագործությունը նմանեցրեց այսօր քրիստոնեաների նկատմամբ իրականացվող համաճարակային բռնության հետ, հատկապես այնպիսի ծայրահեղ իսլամական ահաբեկչական խմբերի կողմից, ինչպիսին են ԻԼԻՊ-ի, Բոկո Հարամը եւ Ալ Շաբաբը:
Հեղինակը նշում է, միշտ չէ, որ թուրքական իշխանությունները խուսափում էին հստակորեն պիտակավորել մեկ դար առաջ հայերի նկատմամբ սանձազերծած ցեղասպանության սարսափը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հստակորեն չէր քողարկում իր նպատակները:
«Կառավարությունը… որոշել է ամբողջությամբ ոչնչացնել նշված անձանց [հայերին], ովքեր բնակվում են Թուրքիայում…Պետք է վերջ դրվի նրանց գոյությանը… եւ չպետք է հաշվի առնվի ոչ նրանց տարիքը, ոչ սեռը եւ ոչ էլ խղճի խայթը»,- ասել է նա:
Հայերի նկատմամբ իրականացվող կտտանքների, մահվան երթերի եւ սպանդի մասին տեղեկատվությամբ հեղեղված ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ապարդյուն խրատում էր Թալեաթին:
«Վիճելը որեւէ օգուտ չի բերի,- ասվել է Մորգենթաուին,- թուրքերի եւ հայերի միջեւ ատելությունն այնքան լարված է, որ մենք պետք է վերջ դնենք դրան: Եթե մենք դա չանենք, ապա իրենք վրեժխնդրություն կծրագրեն… Անատոլիայի որեւէ մասում հայ չպետք է բնակվի»:
«Մեկ դար առաջ քրիստոնեա հայերի նկատմամբ իրականացված զարհուրելի դաժանությունների վերաբերյալ վկայությունները մատնանշում են, որ ԻԼԻՊ-ի եւ Ալ-Ղաիդայի վայրագությունները նորարարություն չեն: Եվ դա է այն առանցքային փաստը, որը Հռոմի պապը չցանկացավ մեղմացնել. հայերը ոչ միայն ցեղասպանության, այլ նաեւ ջիհադի զոհ էին: Կիրակի օրը իր ունկնդիրներին կոչ անելով լսել վտանգի մեջ գտնվող քրիստոնեաների «խուլ եւ մոռացված ճիչերը», ովքեր այսօր «անգութորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում, կամ էլ ստիպված են լինում լքել իրենց հայրենիքը»՝ Հռոմի պապ Ֆրանցսիկոսը հիշեցրեց ողջ աշխարհին, որ իսլամական բռնության առջեւ ցուցաբերված անվճռականության գինն առավել, քան երբեւէ բարձր է:
1915թ. ջիհադիստները սպանել են «եպիսկոպոսների եւ քահանաների, հավատացյալ կանանց եւ տղամարդկանց, ծերերի եւ անգամ անպաշտպան երեխաների»: Աշխարհը տեղյակ էր, թե ինչ էր տեղի ունենում. դրա զարհուրելի մանրամասները ժամանակին լայնորեն լուսաբանվել են: Ճիշտ այնպես, ինչպես այժմ, եւ նույնքան քիչ արդյունքով»: