ԳԱԿ-ում բացվելու է «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվում է «Հայկական թաղամաս» ցուցադրությունը, որը ներկայացնում է անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունները: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի կենտրոնից:
Հայաստանյան ժամանակակից արվեստի ակունքներում կանգնած արվեստագետն այն եզակիներից է, ում աշխատանքներից տեղ են գտել Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուում: «Հայկական թաղամաս» ցուցադրությունը ներկայացնում է Սարգիս Համալբաշյանի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, այդ թվում «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև գծանկարների շարք:
«Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը նորովի է փոխանցում արվեստագետի ստեղծագործական ոճը և փիլիսոփայությունը: Նա հավատում է, որ կրում է անցյալի փորձը, շարունակելիության ձգտումը և, որպես կապող օղակ անցյալի և ապագայի միջև, ցանկանում է փոխանցել մարդկության մշակութային ձեռքբերումները գալիք սերունդներին:
«Համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը կնպաստի հայկական կերպարվեստի արդի ավանդույթների տարածմանը՝ համաշխարհային արվեստի հետ երկխոսության համատեքստում»,- նշում է ԳԱԿ գործադիրր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրության շրջանակներում լույս է ընծայվել պատկերագիրք, որի տեքստը հեղինակել է արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը:
Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ կլինի ապրիլի 17-19-ը:
Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում: Սարգիս Համալբաշյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում անհատական ցուցադրությունների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում (2006), «Melina Mercury» սրահում, Նիկոսիա, Կիպրոս (2002), «Die Bodenschatz» պատկերասրահում, Բազել, Շվեյցարիա (2001), Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունում, Երևան, Հայաստան (1997), «New Academy» պատկերասրահում, Լոնդոն, Միացյալ Թագավորություն (1992): Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում:
2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:
Նախորդող հրապարակում՝
Գաֆէսճեանում այս տարվա ցուցահանդեսային ծրագիրն ամբողջովին նվիրված է հայ արվեստին. Ա. Մարաբյան