Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայտարարության մեջ ասված է. «Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը։
Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը։
28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին։
Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։
Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս բանաձևի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին»։
Նախորդող հրապարակում՝
Եվրախորհրդարանն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան