Էրդողանի՝ Իրան կատարած այցն արդյունք չտվեց. Գազի ոլորտում երկկողմ տարաձայնություններն ավելի են խորանում
«Իրանը ներկայիս պայմաններում պատրաստ չէ Թուրքիային զեղչված գնով գազ վաճառել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեն:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով գազի ոլորտում Իրանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնություններին, նշում է, որ Թուրքիան իրանական գազի բարձր գնի պատճառով ընդդեմ Իրանի բողոք է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան:
Իրանի նավթի նախարարի խոսքով՝ Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ իրանական կողմը խնդիրը լուծելու նպատակով Թուրքիային առաջարկել է կրկնապատկել գազի գինը, ինչից հետո Իրանը կարող է զեղչված գնով գազ վաճառել, սակայն Թուրքիան մերժել է Իրանի առաջարկը:
«Թեև Թուրքիան դժգոհ է իրանական գազի գնից, սակայն անցյալ տարվա ընթացքում այդ երկիրն Իրանից ավելի քան 9 միլիարդ խմ. գազ է ներկրել, ինչը նշանակում է, որ Իրանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին և կայուն ձևով ապահովում է գազի արտահանման գործընթացը»,-հավելել է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օրերս Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով գազի ոլորտում երկկողմ համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Մենք մեծ քանակությամբ բնական գազ ենք գնում Իրանից, սակայն, հաշվի առնելով իրանական գազի գինը, մենք ամենաթանկ գազն ենք գնում Իրանից: Եթե Իրանը գազի գինն իջեցնի, ապա մենք էլ կմեծացնենք ներմուծման ծավալները: Մեր ժողովուրդը գազի կարիք շատ ունի, եթե Իրանը մեզ էժան գազ վաճառի, մենք էլ մեր բնակչությանն էժան կվճառենք»: