Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևով, որը քվեարկության կդրվի այսօր երեկոյան, կոչ է անում Թուրքիային հաշտվել սեփական անցյալի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Panorama.am-ի տրամադրության տակ գտնվող բանաձևի տեքստի տարբերակը, ըստ մեր աղբյուրների` քննարկվել է Եվրախորհրդարանի բոլոր խմբերի մասնակցությամբ և մինչև քվերակությունը համաձայնեցված է: Հիմնվելով 1987թ-ի հունիսի 18-ին իր կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևի, ՄԱԿ-ի` Ցեղասպանությունների կանխարգելման և հանցանքները պատժելու մասին կոնվենցիայի և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի վրա` Եվրախորհրդարանը վերահաստատում է, որ 1915-1917թթ-ին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ բռնությունները ցեղասպանություն էին, և «խստորեն դատապարտում է դրանց ցանկացած հերքումը:
Եվրախորհրդարանը միանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակմանը և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդին նույնպես միանալ:
Բանաձևում, մասնավորապես ասվում է. «Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես հնարավորություն սեփական անցյալի հետ հաշտվելու (այդ թվում արխիվների բացմամբ) և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և այդկերպ հող ստեղծել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտություն հաստատելու համար»:
Բանաձևը Թուրքիային նաև կոչ է անում հարգել և գիտակցել այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել է մշակութային ժառանգությունները պահպանելու համար և իր իրավասության շրջանակներում անցկացնել հայկական և այլ մշակութային արժեքների հաշվառում, որոնք ավերվել են նախորդ դարի ընթացքում:
Եվրախորհրդարանը բանաձևի մեջ նաև իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություններին և երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով կոչ է անում առանց նախապայմանների վավերացնել նախապես ստորագրված արձանագրությունները: Բանաձևը նաև կոչ է անում երկու երկրների միջև բացել սահմանները, ակտիվորեն բարելավել հարաբերությունները` տնտեսական ինտեգրման և սահմանային համագործակցության ճանապարհով:
Եվրախորհրդարանը բանաձևով նաև առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցում լինի, որ յուրաքանչյուր ժողովուրդ խաղաղ և արժանապատիվ գոյության իրավունք ունի:
Հիշեցնենք, որ բանաձևը քննարկման է դրվելու Երևանի ժամանակով 18:00-21:30, իսկ դրա քվեարկությունն անցկացվելու է 21:30-22:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան