Ամուսնալուծության դեպքում կանանց մոտ մեծանում է սրտի նոպայի վտանգը
Դյուկի համալսարանի գիտնականներրը վերլուծել են 45-80 տարեկան 15827 մարդու տվյալներ, որոնք ամուսնացած են եղել: Հետազոտությունը տևել է 1992- 2010 թթ, ամեն երկու տարին մեկ մասնակիցները պատասխանել են ընտանեկան վիճակի ու սրտի առողջության վերաբերյալ հարցերին: Կամավորների մեկ երրորդը 18 տարում նվազագույնը մեկ անգամ ամուսնալուծվել է:
«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, հետազոտողները պարզել են՝ երկու և ավելի անգամ ամուսնալուծված մասնակիցները երկու անգամ ավելի հաճախ են սրտի նոպաներ ունենում, քան նրանք, ովքեր ամուսնացած են ու երբևէ չեն բաժանվել: Վտանգը պահպանվել է նաև այն ժամանակ, երբ ամուսնալուծված կինը նորից ամուսնացել է: Ընդհանրապես տղամարդկանց մոտ ավելի բարձր է սրտի նոպայի վտանգը, սակայն դատելով հետազոտության արդյունքներից, կանայք շատ դժվար են հաղթահարում ամուսնալուծության հետևանքով առաջացած սթրեսը:
Ամուսնալուծված տղամարդիկ սրտի նոպայով տառապել են ոչ ավելի հաճախ, քան ամուսնացածներն ու երբեք չամուսնալուծվածները: Երկու և ավելի ամուսնալուծվելուց հետո է, որ մասնակիցների մոտ վտանգը մեծացել է: