Իրանի պաշտպանության նախարար. S-300 ՀՀՊ համակարգերն այս տարվա ընթացքում կստանանք Ռուսաստանից
«S-300 ՀՀՊ համակարգերն այս տարվա ընթացքում կստանանք Ռուսաստանից»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի` Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ է հայտարարվել:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ՌԴ նախագահի որոշմանը, նշել է. «Առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում S-300 համակարգերն Իրանին հանձնելու մասին պայմանագիրը կստորագրվի, և ընթացիկ տարվա ընթացքում այն արդեն կփոխանցվի Իրանին»:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ`առաջիկայում Իրանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու «Միջազգային անվտանգություն 2015» կոնֆերանսին:
Հավելենք, որ Իրանի և Ռուսաստանի միջև S-300 ՀՀՊ համակարգի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝ Ռուսաստանն Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլար արժողությամբ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը, որոնք, սակայն, Արևմուտքի գործադրած ճնշումների պատճառով չտրամադրվեցին, ինչից հետո էլ Իրանը S-300-ի համար վճարած կանխավճարը ստանալու համար դիմեց միջազգային արբիտրաժային դատարան: