Los Angeles Times. Միացյալ Նահանգները պետք է Հայոց Ցեղասպանությունը ճիշտ անունով կոչի
Ամերիկյան Los Angeles Times-ն այսօրվա խմբագրականում գրում է. «Թեև Բարաք Օբաման իբրեւ նախագահական թեկնածու խոստացել էր «ճանաչել Հայոց Ցեղասպանությունը» նախագահ ընտրվելու դեպքում, մինչ այժմ (իր նախորդների պես) նա խուսափում է օգտագործելու այդ բառը՝ «Մեծ եղեռնը» քննադատող իր ամենամյա ուղերձներում:
Լավագույն դեպքում նա ընդամենը այդ սպանությունները կոչել է «սարսափ»՝ վերահաստատելով ԱՄՆ կառավարության հանձնառությունը «նման ոճրագործությունները մշտապես հիշատակելու սկզբունքին՝ ապագայում նրանց կրկնությունը բացառելու նպատակով»»:
Խոսելով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած սուրբ պատարագի մասին, խմբագրականը քննադատում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքը եւ մեջբերում նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը Պապի կողմի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
«Այո, Օսմանյան կայսրության կողմից իրականացված մասսայական սպանություններից մեկ ամբողջ դար անց Թուրքիայի կառավարությունը շարունակում է հերքել փաստագրված պատմական իրականությունն առ այն, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության համար, որը շարունակվեց էթնիկ, կրոնական եւ քաղաքական բռնությունների մի ամբողջ ալիքով՝ Հոլոքոստից մինչեւ Կամբոջայի սպանության դաշտեր եւ Ռուանդայի ցեղասպանություն», - գրում է Los Angeles Times-ը:
«Ամերիկայի նախագահները շարունակաբար հրաժարվել են այս ցեղասպանությունը կոչել իր անունով՝ ցեղասպանություն... Բայց ինչպե՞ս կարելի է հիշել այն առանց փաստերը ճանաչելու: Օբաման ասել է, որ «մեր շահերից է բխում փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդարամիտ ճանաչումը», սակայն շարունակում է իր դաշնակցի /Թուրքիայի/ հետ դիվանագիտական խաղեր խաղալ»,-շարունակում է թերթը:
«Ճիշտ է, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կարեւոր են եւ արժանի են սնուցման եւ պաշտպանության, բայց ոչ պատմությունը հերքելու գնով... Նախագահը պետք է օրինակ վերցնի Ֆրանցիսկոս պապից եւ ներառի ցեղասպանություն եզրը իր ամենամյա ուղերձում: Հարատեւ բարեկամությունը պահանջում է նման անկեղծություն»,-եզրափակում է խմբագրականը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան