Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համերգի ուղիղ հեռարձակումը ՀՀ-ում՝ Փարիզի Շատլե թատրոնից
Ապրիլի 21-ին Երևանում կազմակերպվելու է բացառիկ մի իրադարձության՝ Օպերայի թատրոնի հսկա էկրանին ուղիղ հեռարձակմամբ ներկայացվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգը Փարիզի Շատլե թատրոնից: Հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ժամային գոտու տարբերությունը, համերգի հեռարձակումը Օպերայի էկրանին կկայանա ժամը 22.00: Մուտքն ազատ է:
Կազմակերպիչն է՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Օրանժ Արմենիայի հետ գործընկերությամբ:
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի բացմանը կհնչի 2013թ. Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝ հատուկ այս կապակցությամբ ստեղծած երաժշտությունը: Համերգի երկրորդ մասում կհնչի Մոցարտի Ռեքվիեմը:
Հարյուրամյակի առիթով, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ծագումով հայ հանրահռչակ մենակատարների և փայլուն երաժիշտների մի ամբողջ համաստեղություն համախմբող նվագախումբը, ինչպես նաև Գյուլբենկյան հիմնադրամի երգչախումբը, կղեկավարի Ալեն Ալթինօղլուն: