«Լրագրողներ առանց սահմանների». Եվրոպայում ամենամեծ թվով ձերբակալված լրագրող ու բլոգեր ունեցող երկիրն Ադրբեջանն է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «ԶԼՄ-ների ազատության համաշխարհային ինդեքսում» Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների շարքում` զիջելով իր դիրքերը երկու աստիճանով:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ իշխանության քննադատներն Ադրբեջանում ենթարկվել են աննախադեպ բռնաճնշումների, և երկիրը դրա հետևանքով հայտնվել է ազատ խոսքի իրավունքը ամենահաճախ խախտող 25 պետությունների շարքում: «ԶԼՄ-ների ազատության գործող սահմանափակման, գովազդային շուկայի վրա միակողմանի վերահսկողության պայմաններում մնացած սակավաթիվ անկախ հրատարակությունները կամ փակվել են` աստղաբաշխական տուգանքների պատճառով, կամ էլ ոստիկանությունը պարզապես փակել է դրանք: Եվրոպայում ձերբակալված լրագրողների ու բլոգերների ամենամեծ թիվ` ահա Ադրբեջանի ցուցանիշները»,- ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Բացեիբաց արտահայտվող լրագրողներին ու բլոգերներին նույն ընտրությունն են առաջարկում, ինչ իրավապաշտպաններին` լռել, փախչել արտասահման կամ հայտնվել ճաղերի հետևում կեղծ մեղադրանքների հետևանքով, գրում է կազմակերպությունը:
Նշենք, որ Ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, հարևան Վրաստանը` 69-րդը, Իրանը` 173-րդը, Թուրքիան` 149-րդը, իսկ ՌԴ-ն` 152-րդը: Ցուցակը գլխավորում են Սկանդինավյան երկրները: Ֆինլանդիան, ինչպես ասված է նյութում, ցուցակի անփոփոխ առաջատարն է արդեն 5 տարի անընդմեջ: Առաջատարներ են նաև Նորվեգիան ու Դանիան, իսկ վատթարագույն ցուցանիշները պատկանում են Թուրքմենստանին, Հյուսիսային Կորեային ու Էրիթրեային:
Նշվում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «ԶԼՄ-ների ազատության համաշխարհային ինդեքսը» կազմելիս հաշվի են առնվում տվյալ երկրի ԶԼՄ-ների անկախությունը, բազմազանությունը, լրագրողների անկախության ու անվտանգության պահպանումը, ինչպես նաև այն օրենսդրական, ինստիտուցիոն և ենթակառուցվածքային միջավայրը, որտեղ նրանք աշխատում են:
Նյութեր թեմայի շուրջ`
HRW. ԵՄ-ը պետք է ավելի վճռական լինի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցում
Միջազգային իրավապաշտպանները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ
The Washington Post. Իլհամ Ալիևը մոլեգին բռնապետության նշաններ է ցուցաբերում
«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսում
«Լրագրողներ առանց սահմաններին» դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան