«System of a Down»-ի համերգը՝ Ֆրանսիայում. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման յուրովի կոչ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake up the souls Tour 2015» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ֆրանսիայում իր միակ համերգով նախօրեին հանդես է եկել աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17000 երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի կոչ էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Սերժ Թանկյանի կողմից երախտիքի ուղերձ է հղվել Ֆրանսիային և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ արդարացի դիրքորոշման համար:
Համերգից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Լիոնի 1-ին փոխքաղաքպետ Ժորժ Կեպենեկյանը և այլ պաշտոնատար անձինք հանդիպել են «System of a Down» ռոք-խմբի անդամների հետ:
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը շնորհակալագիր է հանձնել «System of a Down»-ի անդամներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լիոնում աննախադեպ համերգային ծրագրի իրականացման համար: