Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր Արազափ գյուղում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նախօրեին նշվել է Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Ծրագրի ավարտական միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել գյուղով, որի ընթացքում նրանց ներկայացվել է ջրամատակարարման նոր համակարգը և նոր սանգոտին:
Արազափ գյուղի ջրամատակարարման ցանցի վերականգնման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները. 18,2 կմ երկարությամբ խողովակաշարի փոխարինում ավելի հուսալի պոլիէթիլենային խողովակաշարով, նոր պոմպի տեղադրում, ինչպես նաև ջրամատակարարման ծառայությունների կառավարման նպատակով համակարգչային ծրագրի ներդրում: Ծրագրի արդյունքում կբարձրանա ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազեն հոսակորուստները և աղտոտման ռիսկերը, կգրանցվեն ջրի և էներգիայի էական խնայողություններ: Արազափի բնակիչներն այժմ ունեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում` նախկինում ունեցած օրական երեք ժամի փոխարեն: Այսպիսով, նախնական հաշվարկների համաձայն, համայնքում կապահովվի տարեկան մոտ 72,000 մ3 ջրի և 30 Մվտժ հոսանքի խնայողություն:
«Մեր հայրենիքի սահմանների ամրությունը և սահմանը հսկող զինվորներին թիկունք ապահովողները սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են: Տարրական հարմարությունների բացակայությունը ստիպում է մարդկանց հեռանալ հայրենի հողից: Մեր պարտքն է նրանց կողքին լինել, աջակցել և՛ հոգեբանորեն, և՛ կյանքի պայմանները բարելավելու առումով: Այս համատեքստում ավելորդ է նշել մաքուր ջրի կենսական նշանակությունը: Այս գիտակցումով է առաջնորդվում ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրականացնելով ջրամատակարարման նախագիծը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ բնակչությանը խմելու ջրով ապահովելու և կենսապայմաններ լավացնելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերի շահառուների թիվը կազմում է շուրջ 7000 մարդ: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը