Հալեպի ազգային իշխանությունները դեռ չեն որոշել սիրիահայ երեխաներին Հայաստան ուղարկել
Հայաստանի կառավարությունը պատրաստ է օգնել Հալեպում մնացած հայերին, մասնավորապես երեխաներին տեղափոխվել Հայաստան, սակայն դրա համար անհրաժեշտ է տեղի ազգային իշխանությունների համաձայնությունը, որը դեռևս չկա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:
«Վարչապետը հայտարարեց, որ եթե սիրիահայերը ցանկություն հայտնեն գալ Հայաստան, մենք նրանց կընդունենք հավուր պատշաճի: Մենք դրան պատրաստ ենք, բայց որոշումը պետք է կայացնեն տեղի իշխանությունները, այսինքն առանձին անհատների որոշումը պետք է դառնա ընդհանրական», -ասաց պաշտոնյան:
Վարչապետի հայտարարությունը եղավ, երբ Հալեպում ահաբեկիչները սկսել էին հրետակոծել հայաբնակ Սուլեյմանիա հայաբնակ թաղամասը: Ապրիլի 11-ին հրետակոծման հետևանքով վնասներ էին կրել «Սիմոն Վրացյան» հայկական կենտրոնի շենքը, Հայ կաթողիկե եկեղեցու շենքը, ամբողջությամբ կործանվել էին բազմահարկ շենքեր։ Մայիսի 12-ին այստեղ դպրոցներում դասերն ավարտվում են, և հալեպահայերը ֆեյսբուքյան տարբեր գրառումներով խնդրում են աջակցել հայաստանյան կառավարությանը գոնե երեխաներին տեղափոխեն Հայաստան:
Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ իրենք ամեն օր կապի մեջ են Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանի հետ:
«Երեկ էլ խոսել ենք պարոն Ռեյիսյանի հետ, որը իրազեկված է ու համապատասխան ինֆորմացիա է փոխանցում: Իրենք որոշում չեն կայացրել: Եվ հետո բացառված չէ, որ խուճապային տրամադրությունները մարած լինեն»,- նշեց Զաքարյանը:
Panorama.am-ը փորձեց կապ հաստատել պարոն Ռեյիսյանի հետ և ճշտել՝ ինչ տրամադրություններ են այնտեղ, արդյոք որոշում կայացրել է առաջնորդարանը երեխաներին Հայաստան տեղափոխելու համար, սակայն հեռախոսային կապը շատ վատն էր և անընդհատ անջատվում էր:
Ռեյիսյանը կարողացավ փոխանցել միայն, որ այսօր Հալեպում հանգիստ է եղել:
Զաքարյանի խոսքով, երբ ազգային իշխանությունները կորոշեն, Հայաստանի կառավարությունը կարձագանքի դրան: Պաշտոնյան փոխանցեց նաև, որ կառավարությունն ի վիճակի է ցանկացած թվով երեխա տեղափոխել Հալեպից Հայաստան, ինչպես արել է նախորդ տարիներին:
«Երեք տարի առաջ, երբ մենք երեխաներ բերեցինք, ավելի շատ կարող էինք ընդունել, բայց եկավ շուրջ 500 երեխա»,-նշեց Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին