Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6.5 տարի ազատազրկման
Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան, «Արվեստը` հանուն ժողովրդավարության» արշավի կազմակերպիչ Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6.5 տարի ազատազրկման: Նման որոշում է կայացրել դատավոր Էլդար Իսմայիլովն ապրիլի 16-ին Բաքվի` ծանր հանցանքների գծով դատարանում: Բացի այդ, ազատ արձակվելուց հետո Ջաֆարովին արգելված է երեք տարվա ընթացքում որևէ պաշտոն զբաղեցնել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինչպես ասվում է նյութում, մեղադրական վճռից հետո Ջաֆարովը հայտարարել է, թե այն համարում է կեղծ և քաղաքական պատվեր: Դատարանն ինքնին չի կարողացել ապացուցել իրավապաշտպանի մեղքը: Մեղադրող կողմի բոլոր վկաները հօգուտ Ջաֆարովի են ցուցմունք տվել, և դատական գործի ողջ ընթացքն ապացուցում է նրա լիարժեք անմեղությունն այս հարցում:
Ջաֆարովն ինքը ձերբակալությունից հետո հայտարարել է, որ իրեն հետապնդում են քաղբանտարկյալների խնդրին մշտապես ուշադրություն սևեռելու, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ բողոքի ակցիա անցկացնելու համար, որտեղ այդ պահին Իլհամ Ալիևն էր, իսկ իրավապաշտպանը Եվրոպական խաղերը բոյկոտելու կոչեր էր հնչեցնում:
Իր հերթին, Մարդու իրավունքների համաշխարհային ֆեդերացիայի` դատավարությանը հետևող իրավապաշտպան Անաստասիա Միլլերը «Թուրանի» հետ զրույցում հայտարարել է, որ Ռասուլ Ջաֆարովի դատավարությունն ընթանում էր մարդու իրավունքների պահպանման միջազգային չափանիշների խախտումներով:
«Միջազգային չափանիշների համաձայն` շատ կարևոր է թափանցիկության, հրապարակայնության ապահովումը: Սակայն որոշ նիստերին չէին կարողանում ներկա լինել բոլոր ցանկացողները` դահլիճում տեղերի սակավության պատճառով: Չնայած որ Բաքվի` ծանր հանցանքների գծով դատարանն ունի ընդարձակ դահլիճ` դատավարությունն ընթանում էր ինչ-որ փոքր տարածքում»,- նշել է Միլլերը:
Ինչպես ասվում է նյութում, Միլլերը նաև նկատել է դատավորի` փաստաբանների կողմից բազում միջնորդությունների մերժման հանգամանքը, օրինակ` բարձրախոսը դահլիճում միացնելու առումով, որպեսզի հնարավոր լիներ լսել խոսողներին: Դա բարդություններ էր ստեղծում այդ թվում դիտորդների համար: Նա նաև նկատել է, որ դատավորն արգելել է դատավարության տեսա, ձայնա և ֆոտոտեսագրում:
Հենց Միլլերին էլ թույլ չեն տվել Ջաֆարովին լուսանկարել անգամ ընդմիջման ժամանակ: Դատական պրիստավները խլել են նրա ձեռքից իր լուսանկարչական ապարատն ու վերադարձրել միայն նիստի ավարտից հետո: «Ես մեղքի ապացույցներ չտեսա: Տուժողները հայտարարել են, թե ոչ մի վնաս չեն կրել, և առհասարակ իրենց տուժող չեն համարում: Փաստաբանները ներկայացրել են դրամաշնորհները նպատակային գործածելու փաստը հաստատող ֆինանսական փաստաթղթեր»,- հայտարարել է իրավապաշտպանը:
Դատավարության ընթացքին հետևելիս նրա մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, թե Ջաֆարովին հետապնդում են քաղաքականապես մոտիվացված մեղադրանքների համաձայն իրավապաշտպանի գործունեության պատճառով:
Նշենք, որ Ռասուլ Ջաֆարովը 2012 թվականի դեկտեմբերին կազմակերպել է «Արվեստը` հանուն ժողովրդավարության» անվամբ արշավը, որով կոչ է արվել երիտասարդներին արվեստի միջոցով ոտքի կանգնել հանուն արդարության, այլ ոչ բռնության միջոցով: 2014 թվականի օգոստոսի 2-ին նրան հարկերի վճարումից խուսափելու և պաշտոնական իրավասությունների չարաշահման մեղադրանքներով ձերբակալել են: Նա չի ընդունել իր մեղքը: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty International և Human Rights Watch, դատապարտել են ադրբեջանցի իրավապաշտպանի ձերբակալությունը, իսկ Amnesty International-ը նրան բնորոշել է` որպես «խղճի բանտարկյալ»:
Բացի այդ, ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը 2014 թվականին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` անհանգստություն հայտնելով «Ադրբեջանում հերթական հայտնի իրավապաշտպանի` Ռասուլ Ջաֆարովի ձերբակալման առնչությամբ»:
Նյութ թեմայի շուրջ`
ԵԽԽՎ անկաշառ պատգամավորները փորձում են բացահայտել Ադրբեջանի կողմից կաշառվածներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան