Բերդ քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու պատանեկան երգչախումբը ելույթներ է ունենալու Դանիայում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 17-26-ը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու պատանեկան երգչախմբը ելույթներով հանդես կգա Դանիայի Թագավորությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կաերի բաժնից:
Ապրիլի 19-ին, Կոպենհագենի Մայր Տաճարում տեղի կունենա էկումենիկ արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որի ընթացքում Բերդ քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու պատանեկան և Դանիայի Հասլև քաղաքի երիտասարդական երգչախմբերը կկատարեն հայկական հոգևոր երգեր:
Ապրիլի 23-ին, Կոպենհագենի Սուրբ Խաչ եկեղեցում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հեռարձակվող` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը զուգահեռ, հայ և դանիացի հոգևորականները կանցկացնեն համաժամանակյա արարողություն: Սրբադասման արարողության ավարտին կղողանջեն Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի և Կոպենհագենի Սուրբ խաչ եկեղեցու` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը գուժող զանգերը, ինչին էլ կհետևի լռության րոպեն: Այնուհետև, Բերդ քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու պատանեկան և Դանիայի Հասլև քաղաքի երիտասարդական երգչախմբերի կատարմամբ կհնչեն «Սուրբ, սուրբ» և «Հայր մեր» հոգևոր երգերը` Մակար Եկմալյանի «Պատարագ» ստեղծագործությունից: Երեկոյան Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված` 1,5 միլիոն լույսերի վառման արարողություն:
Հայ պատանիները ելույթներով հանդես կգան նաև Դանիայի Ռոսկիլդե, Օդենսե, Հիլերոդ, Կորսոր, Հունսբյու քաղաքներում: