Die Welt. «Ի՞նչ է իմացել Կայսերական Գերմանիան հայերի կոտորածների մասին»
Գերմանական Die Welt պարբերականը «Ի՞նչ է իմացել Կայսերական Գերմանիան հայերի կոտորածների մասին» վերնագրով ընդարձակ հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որտեղ ներկայացրել է արխիվային փաստեր` հիմնված գերմանական դիվանագետների կազմած արձանագրությունների, հաղորդագրությունների վրա:
«1915թ-ի ապրիլին Օսմանյան կայսրությունը սկսեց տեղահանել հայերին: Դա ավարտվեց Ցեղասպանությամբ: Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես են գերմանացի դիվանագետները և այլ ականատեսներ դրա մասին զգուշացրել», - նման տողերով է պարբերականը սկսել իր հրապարակումը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Կոստանդնապոլսում կայսր Վիլհելմ II-ի արտակարգ և լիազոր դեսպան Հանս ֆոն Վանգենհայմը ապրիլյան իրադարձություններին շատ արագ է արձագանքել և արդեն ապրիլի 30-ին ռայխսկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգին ուղարկել է մանրամասն զեկույց այդ ամենի մասին:
«Շաբաթ գիշերվանից մինչև կիրակի` ապրիլի 25-ը, և կիրակի գիշերվանից մինչև երկուշաբթի` ապրիլի 26-ը այստեղ տեղի են ունեցել հայերի բազմաթիվ ձերբակալություններ: Ընդհանուր առմամբ պետք է ձրբակալված լինի 500 անձ` հասարակության տարբեր շերտերից, այդ թվում` բժիշկներ, լրագրողներ, գրողներ, հոգևորականներ, որոշ պատգամավորներ», - գրել է դեսպանը իր կազմած զեկույցում:
Դեսպանի հաղորդման համաձայն` երբ հայոց պատրիարքը ներքին գործերի նախարարին հարցրել է, թե ինչի համար են իրականացվում այդ զանգվածային ձերբակալությունները, նրան պատասխանել են, որ հայազգի ականավոր դեմքերը կարող են օգտագործվել տարբեր ազդեցիկ ուժերի կողմից երկրում անկայունություն ստեղծելու համար և այդ իսկ նպատակով հայազգի ականավոր դեմքերը հեռացվում են մայրաքաղաքից:
Պարբերականը եզրակացնում է, որ այն, ինչը սկսվեց 1915թ-ի ապրիլի 24-ին, հանգեցրեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը, ինչի արդյունքում մահացան մեկ ու կես միլիոն հայեր` սովից, զանգվածային գնդակահարություններից և զանազան այլ եղանակներով:
«Իրենց բնակավայրերից հայ ազգաբնակչության տեղահանման գործընթացը արևելաանատոլիական նահանգներում և այլ շրջաններում անկասելիորեն շարունակվում է», - գրել է դեսպան Վանգենհայմը 1915թ-ի հունիսի 17-ին ուղարկված իր նամակում:
Հրապարակման համասձայն` Բեռլինում հայերի կոտորածների մասին լուրը մեծ իրարանցում է առաջացնում, սակայն միջոցառումներ չեն ձեռնարկվում: Ընդհակառակը` ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգն այդ օրերին ասել է. «Մեր միակ նպատակն այն է, որ Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողմում պահենք, անկախ այն բանից` հայերը գետնի տակ են անցնում, թե ոչ: Երկարատև պատերազմի դեպքում մենք թուրքերի կարիքը դեռ շատ ենք ունենալու»:
Հրապարակման մեջ նշվում է, որ ոչ միայն գերմանացիները, այլ նաև ամերիկացիները, ֆրանսիացիները և բրիտանացիներն էին տեղյակ, թե ինչ է կատարվում հայերի հետ, սակայն ի վիճակի չէին Թուրքիայի վրա ազդեցություն գործել:
«Յոթանիշ թվող հայերի զանգվածային սպանությունների մասին փաստերը լավագույնս ուսումնասիրված և ամենուր ճանաչված են` բացառությամբ Թուրքիայի, որտեղ ազգայնականներըև մշտապես աղավաղում կամ նույնիսկ հերքում են ցեղասպանության փաստը: Սակայն անհասկանալին այն է, թե ի՞նչ պատասխանատվություն է կրում այդ ժամանակվա գերմանական կառավարությունը, և միևնույն ժամանակ որքանո՞վ է հանցակից այդ հանցանքներին», - այսպիսի հարցադրում է կատարում պարբերականը:
Հրապարակման մեջ ներկայացված է գերմանական «Թագեսցայթունգ» պարբերականի թղթակցի ուսումնասիրությունները, որոնք նա կատարել է ցեղասպանության ժամանակ Թուրքիայում եղած լինելու ժամանակ: Լրագրողն ուսումնասիրել է գերմանացի զինվորականների, դիվանագետների և քաղաքական գործիչների դերակատարությունն այդ հանցագործության մեջ:
Պարբերականը նաև ներակայացնում է կաթոլիկ պատմաբան Միխաել Հեսեմանի աշխատությունները, որտեղ հեղինակն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության ականատեսների վկայություններըԼ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին