«LaNacion. «Պապը քաջորեն ասաց այն, ինչը չի կարող ժխտվել»
Երկու օր շարունակ Թուրքիայի կողմից քննադատությունների ենթարկվող Հռոմի պապը երեկ ստացավ Եվրոպական Միության աջակցությունը: Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Այս մասին գրում է արգենտինական «LaNacion» պարբերականը` անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին:
Պարբերականը նկատում է, որ Վատիկանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիկոս պապը Հայոց ցեղասպանությունը անվանեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Այս առումով պարբերականը նկատում է, որ Ֆրանցիսկոս պապին ուղղված քննադատություններում թուրքական կողմը անթույլատրելի կերպով հեռուն է գնացել, ավելին, ըստ պարբերականի, թուրքական կողմի արձագանքը առհասարակ սպասվածից այն կողմ է անցնում: Եվ դա այն դեպքում, ինչպես նկատում է պարբերականը, որ Վատիկանի կողմից առաջին անգամը չէ, որ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին:
«Չնայած փոթորկին` Վատիկանը շարունակում է լռության մարտավարությունը: Վատիկանի խոսնակ, հայր Ֆեդերիկո Լոմբարդին, թեև հրաժարվեց մեկնաբանություն տալուց, բայց նշեց, որ պապի խոսքը տեղավորվում է երկխոսության հստակ և ճշմարիտ գծի մեջ»,- գրում է պարբերականը:
Շարունակելով թուրքական կողմի արձագանքին անդրադարձը` պարբերականը հղում անելով փորձագետների գնահատականներին, գրում է, որ Թուրքիայից եկող աղմուկի պատճառն այն է, որ Էրդողանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր կուսակցության համար ձայներ հավաքելու խնդիր ունի, այդ իսկ պատճառով էլ ձգտում է ազգայնական տրամադրություններին համահունչ հայտարարություններ անել:
Պարբերականը մեջբերում է նաև հոնդուրասցի կարդինալ Օսկար Ռոդրիգես Մարադիագայի խոսքն այն մասին, որ «պապը քաջորեն ասաց այն, ինչը չի կարող ժխտվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան