Los Angeles Times. Հայոց ցեղասպանության առնչությամբ հանգիստ վիրավորեք Թուրքիային
Ներկայացնում ենք ամերիկահայ պրոֆեսոր, հայտնի գրող Պիտեր Բալակյանի հոդվածը Los Angeles Times-ում:
«Ժամանակին ընկերս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ բացիկ էր ուղարկել հետևյալ ձեռագիր գրությամբ. «Թող այս տոնական օրերին ճանաչվի քո ցեղասպանությունը»:
Մինչ օրս այդ գրառումը ինձ մոտ ծիծաղ է առաջացնում, քանի որ այն իր մեջ ամփոփում է Թուրքիայի և հայ ժողովրդի միջև առկա աբսուրդ իրավիճակը և խորը փակուղին:
Հարյուր տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրությունը սկսեց հայ բնակչության ոչնչացման սիստեմատիկ ծրագրի իրականացումը: Սակայն թուրքական կառավարությունը դեռևս չի ճանաչում այդ պատմական փաստը: Այն տարեկան մի ամբողջ կարողություն է ծախսում ցեղասպանության վերաբերյալ գիտական և մշակութային միջոցառումները խափանելու համար: Անգամ տարեկան ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար է վճարում ԱՄՆ նախկին սենատոր Ռիչարդ Գեֆարդի «Gephardt Group»-ին ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսական բանաձևերի դեմ լոբիստական գործողություններ իրականացնելու համար:
Թուրքիան բազմիցս սպառնացել է, որ փակելու է մուտքը թուրքական հրթիռային կայաններ ԱՄՆ ռազմական օդանավերի համար, եթե Կոնգրեսն ընդունի պարտադիր ուժ չունեցող հայտարարություն, որով 1915 թվականի իրադարձությունները կճանաչվեն որպես ցեղասպանություն: Եվ վերոնշյալ մարտավարությունը գործում է. ընդունման համար բավարար ձայներ ունեցող բանաձևը տապալվեց Պետքարտուղարության կարգադրությամբ:
Սակայն Միացյալ Նահանգները այս գրաքննության միակ թիրախ չեն: Իրենց կառավարության դրդմամբ թուրքական համայնքային կազմակերպությունները 2009թ. արշավ են իրականացրել Տորոնտոյի դպրոցական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացում ներառելու դեմ: 2010 թվականին Անկարային հաջողվել է ճնշում գործադրել Ռուանդայի կառավարության վրա, որպեսզի վերջինս ՄԱԿ-ում ցեղասպանության վերաբերյալ քննարկման ժամանակ ջնջի Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկուցումը: 2012 թվականին թուրքական կառավարությունը պահանջել է, որպեսզի բրիտանական կառավարությունը կարգադրի Tate Modern ժամանակակից արվեստի թանգարանին Արշիլ Գորկիի ցուցանմուշի գրությունից հանել «ցեղասպանություն» բառը:
«Հրեա» բառը փոխարինեք «հայով», իսկ «գերմանական կառավարությունը»՝ «թուրքական կառավարությամբ», և դուք կպատկերացնեք դրանից բխող բարոյական զայրութի չափը: Հայկական համայնքը սպասել է մեկ դար, որպեսզի միջազգային հանրությունն առերեսվի Թուրքիային: Այն այլևս չպետք է սպասի:
«Ճանաչում» բառը բազեի պես սավառնում է Հայոց ցեղասպանության պատմության ողջ ընթացքում: Այդ բառը սահմանում է մարդու իրավունքների ոլորտում իրականացված ոճրագործության պատասխանատվության բարոյական հիմքերը: Ճանաչման խնդիրն աբստրակցիա կամ հռետորական խաղ չէ: «R-բառը» վերաբերում է ժամանակակից դարաշրջանում մարդու իրավունքների դեմ իրականացված ամենածավալուն հանցագործության պատասխանատվությանը, սոցիալական արդարությանը և վերականգնմանը. հանցագործություն, որը կարևոր դեր խաղած Ռաֆաել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառի և եզրույթի սահմանման գործում:
Թուրքական առաջնորդներին առերեսվելու գործում Օբաման առավել հեռուն է գնացել, քանի ցանկացած այլ նախագահ՝ կոչ անելով արդարորեն լուծել 1915թ. իրադարձությունների հարցը, այնպես ինչպես արեց 2009 թվականին՝ Թուրքիա այցի ժամանակ: Սակայն նա [Օբաման] պետք է հետևի իր իսկ իմաստությանը և դադարեցնի ինքնագրաքննությունը:
Իսկ թուրքական կառավարությունը, իր հերթին, պետք է դադարեցնի միջամտությունը ժողովրդավարական հասարակությունների մշակութային միջոցառումներին և մտավոր ազատությանը: Այն պետք է լսի իր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր համառորեն աշխատում են Թուրքիայում արդարության հաստատման ուղղությամբ:
Թուրք գիտնական և լրագրող Չենգիզ Աքթարն արտահայտել է իր մեծաթիվ հայրենակիցների կարծիքը, երբ գրել է, որ «Հայոց ցեղասպանությունն Անատոլիայի Մեծ Աղետն է, և այս հողերի մայր տաբուն: Քանի դեռ մեզ չի հաջողվում խոսել դրա մասին, գիտակցել այն, առերեսվել դրա և հաշվի նստել դրա հետ, այն շարունակելու է մեզ հետապնդել»:
Եվ անեծքը վերացնելու համար որևէ կախարդական ուժ անհրաժեշտ չէ: Միայն անհրաժեշտ է բարոյական ղեկավարություն»: