Վլադիմիր Սպիվակովը՝ հայ ազգին. «Դուք աշխարհի լույսն եք, մաքրության տաճար եք» (տեսանյութ)
«Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք: Ձեզնից յուրաքանչյուրում տիեզերքն է»: Այսպես է մտածում հայ ազգի մասին աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:
Երևանում ապրիլի 14-16-ը անցկացվում է «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է… » խորագրով միջազգային փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ապրիլի 14-ին կայացած համերգի ավարտին, որին ներկա է եղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Սպիվակովը ելույթ է ունեցել՝ մասնավորապես ասելով.
«Մենք այսօր մեր պատարագը մատուցեցինք ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Շատ քաղաքական գործիչներ վախենում են այդ, ինչպես նաև Հոլոքոստ բառերից: Բայց աշխարհում ճշմարտություն կա, այն դժվար է, ինչպես ասում էր Լև Տոլստոյը, ասֆալտ է ծակում: Մեծ բավականություն ստացա, երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ի լուր միլիարդավոր մարդկանց ասաց, որ այո, իրականում եղել է այդ հանցագործությունը և հայ ազգը կարող էր վերանալ երկրի երեսից: Մենք հիմա կլռենք ու կմտածենք նրանց մասին, ում կորցրել ենք:
Մեզ հաճախ չի լքում հուսալքությունը, մարդիկ միմյանցից տարբերվում են հուսալքության աստիճանով: Ձեզ մի օրինակ բերեմ հնագույն ժամանակներից: Մի իմաստուն առաջնորդ բարձրանում է լեռան գագաթը արևածագը դիմավորելու, երբ ներքև է իջնում ստորոտին սպասող ժողովուրդը դիմում է նրան. «Հուսալքված ենք, ի՞նչ կարող ես մեզ ասելու, ո՞վ ենք մենք»: Առաջնորդի խոսքերը նաև աշխարհով մեկ ցրված հայերին կարող են ուղղված լինել: Առաջնորդն ասաց. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք: Ձեզնից յուրաքանչյուրում տիեզերքն է»: Նույնը ես մտածում եմ հայ ազգի, ձեր մասին»:
Տեսանյութը՝ armweeklynews.am կայքից:
Նախորդող հրապարակումներ՝
Վլադիմիր Սպիվակովը Երևանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը
«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է …» միջազգային փառատոնը՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան