Ֆրանսիացի պատգամավոր. Էրդողանը չի նպաստում ոչ խաղաղության, ոչ ճշմարտության հաստատմանը
Եվրախորհրդարանում ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադան, «Matin Première» ռադիոհաղորդման շրջանակներում, հայտարարել է, որ թեպետ Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն խնդիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշման մեջ է:
«Նպատակը Թուրքիայի վրա հարձակվելը չէ: Պարոն Էրդողանը ծնված չէր, նա չի ուղարկել խմբավորումներ և կազմակերպել հայերի ջարդը և պարբերաբար իրականցվող ցեղասպանությունը»,-ասել է նա:
Նշելով, որ եթե նույնիսկ Էրդողանը և իր վարչապետը ցավակցություն են հայտնել, Ժ.Մ. Կավադան գտնում է, որ ոչ թե հույզերի մասին պետք է խոսք գնա, այլ «ճշմարտությունն այսօրվա Թուրքիա վերադարձնելու»:
«Մենք լավ տեսնում ենք, որ այդ մարդը չի նպաստում ոչ խաղաղության, ոչ էլ ճշմարտության հաստատմանը, ինչն անհրաժեշտ է ապագան կառուցելու համար: Անհնար է կառուցել ապագան` առանց գիտակցելու սեփական անցյալը»,-ասել է պատգամավորը: