Դավութօղլու. Այսօրվանից թուրք-հայկական հարցը դուրս է եկել զուտ հայ-թուրքական հարցի սահմաններից
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարշիք է հայտնել, որ «Եվրախորհրդարանի` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածները Ցեղասպանություն անվանելու ժեստը թշնամանք ու կանխակալ վերաբերմունք» կառաջացնի Թուրքիայի և մուսուլմանների նկատմամբ: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Եթե նպատակը (Եվրոպայի, Panorama.am) խաղաղություն հաստատելն է, եթե եվրոպական մշակույթն ուղղված է իր բազմամշակութային ու բազմազգ կրոնական քաղաքականության պահպանմանը, ապա չպետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք պատմության հիմքի վրա թշնամանք կառաջացնեն ցանկացած կրոնական կամ ազգային խմբի նկատմամբ: Այս վիճակը կարող է հակաիսլամական և հակաթուրքական տրամադրություններ հրահրել, որը Եվրոպայում վերջին շրջանում աճել է: Այսօրվանից թուրք-հայկական հարցը դուրս է եկել զուտ հայ-թուրքական հարցի սահմաններից»,-ասել է Դավութօղլուն` շեշտելով, որ Եվրախորհրդարանի և Հռոմի պապի հայտարարությունները ռասիզմի արտացոլանք են:
Ի դեպ նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Vatican Insider պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Հայոց ցեղասպանությունը որպես քրիստոնեության և իսլամի բախում ներկայացնելու փորձերը միտումնավոր և կանխամտածված են, իսկ Հայոց ցեղասպանությունը երկու կրոնների բախման համատեքստում դիտարկողները խեղաթուրում են պատմությունը:
Հիշեցնենք, որ ապրլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ արեց Թուրքիային ճանաչել այն: Իսկ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: