Կոմիտասի անվան պանթեոնում եկեղեցի կկառուցվի (լուսանկարներ)
Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նախատեսվող նոր եկեղեցի կառուցելու համար հայտարարված փակ ճարտարապետական մրցույթն ավարտվել է և դրա արդյունքներով, հաղթող է ճանաչվել ճարտարապետ Արտակ Ղուլյանի ներկայացրած նախագիծը: Ղուլյանը, հիշեցնենք, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն, Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Աբովյանում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների ճարտարապետն է: Ընդհանուր առմամբ, Պանթեոնում կառուցվելիք եկեղեցին ճարտարապետի կյանքում 15-րդ եկեղեցին է լինելու: Այն կառուցվելու է մոսկվաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ:
Երևանում նոր եկեղեցի կառուցելու մասին լուրը սոցիալական ցանցերում քննարկման առիթ դարձավ. ոմանք գրեցին, որ փոքր քաղաքի համար շատ է այդքան եկեղեցիների քանակը, շատերը դժգոհեցին, որ գումարները ծախսվում են եկեղեցիներ կառուցելու վրա, մինչդեռ օրինակ, Գյումրիում բազմաթիվ մարդիկ երկրաշարժից հետո շարունակում են անօթևան մնալ: Հնչել էր նաև այսպիսի տեսակետ. «Չենք ուզում եկեղեցի, այգի ենք ուզում, ծառ, մաքուր օդ, ջրային տարածքներ»:
Կար նաև տեսակետ, թե եթե պետական բյուջեի միջոցներով չի կառուցվում, ապա ինչու ոչ, թող կառուցվի:
Ինքը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը, քննադատություններին չի պատասխանում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Պանթեոնում եկեղեցին կառուցվում է խորհրդային տարիներին ավերված եկեղեցու տեղում և նվիրվելու է Եղեռնի սրբադասված նահատակներին:
Կառույցի մասին ևս ճարտարապետը ոչինչ չի խոսում, ասում է, որոշ սկզբունքային հարցեր կան և պետք է դրանք լուծել: Սակայն «Ղուլյան ճարտարապետական ստուդիա»-ի ֆեյսբուքյան էջում կառույցն այսպես է ներկայացվում. «Եկեղեցին խաչաձև-կենտրոնագմբեթ տիպի է՝ երեք կողմի կամարասրահներից բացվող մուտքերով և գմբեթի տրամագիծը կրկնող արևելյան ընդգծված խորանով, որի տակ նախատեսված է Սրբի մասունքների դամբարան-արարողասրահ, իսկ աղոթասրահի տակ՝ մոմավառության սրահն է: Ունի մեկ կենտրոնական գմբեթ և չորս անկյունային զանգակատուն, որոնց ապակեպատ երդիկածածկերը բացվում են եկեղեցու ընդհանուր ներքին տարածքում: Արևմտյան կողմում երգչախմբի պատշգամբն է՝ հարակից աստիճանավանդակներով, որոնք կապված են նաև ներքնահարկի մոմավառության սրահի և դամբարանի հետ: Խորանի արևելյան կողմում ստեղծված իջվածքի շնորհիվ դամբարանային մասն այդ կողմից ապահովված է բնական լույսով ու օդափոխությամբ: Եկեղեցու ու թանգարանի հորինվածքային համադրությամբ ստեղծված է տաճարային հրապարակ, որը գտնվում է դեպի Պանթեոն և Կոմիտաս վարդապետի թանգարան տանող ծառուղու առանցքի վրա»:
Եկեղեցու կառուցման մասին պատկան մարմիններից առայժմ պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել, և պարոն Ղուլյանն ասաց, որ շուտով ապագա եկեղեցու հիմքում հողօրհնեք կիրականացվի:
Նախորդող հրապարակում՝
Տեր Վահրամ. Պարագաներ, որ գործարարի անունով եկեղեցի լինի, ինձ հայտնի չեն