Իրանի պաշտպանության նախարար. S-300 ՀՀՊ համակարգերը շահագործելու գործում ռուս խորհրդատուների կարիքը չունենք
«Առաջիկայում Ռուսաստանից կատարելագործված S-300 մոդելի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր կստանանք»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի` Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ է հայտարարվել:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվա կատարած այցի շրջանակներում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրառնալով S-300 ՀՀՊ համակարգերի շահագործմանը, նշել է. «Այդ համակարգերի շահագործման նպատակով նախորդ պայմանագրով ուսումնական անհրաժեշտ դասընթացներ արդեն իսկ իրականացվել են, հետևաբար S-300 ՀՀՊ համակարգերը շահագործելու գործում ռուս խորհրդատուների կարիքը չունենք»:
Հավելենք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը նախօրեին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իր կողմից S-300 ՀՀՊ համակարգի՝ Իրանին հանձնելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին որոշմանը, նշել է. «S-300 ՀՀՊ համակարգն Իրանին հանձնելը կնպաստի տարածաշրջանի կայունությանը: Այդ որոշումը հստակ ուղերձ է առ այն, որ բոլոր երկրները պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին»: