1965… 2015. «50 տարի առաջ մայրս է այս բեմում հանդես եկել, այսօր՝ նրա երեխաները» (լուսանկարներ)
«Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել մայրս՝ Արփինե Փեհլիվանյանը, իսկ 100-րդ տարելիցին նվիրված համերգին ելույթ են ունենալու նրա երեխաները՝ ես և քույրս»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հայազգի դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլիվանյանը:
Ապրիլի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ. Փեհլիվանյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Մեծ համերգ», որին կմասնակցեն Երևանի անսամբլային նվագախումբը, «Միրզոյան կվարտետը», ԱՅԲ դպրոցի և Ֆրանսիական միջազգային դպրոցի մանկական երգչախմբերը: Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Մ. Ռավելի, Ա. Հարությունյանի, Ա. Այվազյանի, Վ. Շարաֆյանի ստեղծագործությունները:
«Յուրահատուկ նախագիծ է: Ես սովորաբար աշխարհի տարբեր բեմերում ղեկավարում եմ մեծ նվագախմբեր, սակայն ցանկացա այստեղ՝ Հայաստանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համերգ ունենալ երիտասարդների հետ, քանի որ նրանք են մեր հույսը, ապագան»,- նշեց դիրիժորը:
Ջ. Փեհլիվանյանն ասաց, որ համերգի ընթացքում ինքը ջութակ է նվագելու. «Վերջին անգամ Հայաստանում ջութակ նվագել եմ 1994-1995 թվականներին: Համերգի ընթացքում ջութակ եմ նվագելու Միրզոյանի կվարտետի երաժիշտների հետ, հրավիրել եմ նաև քրոջս՝ Էլիզաբեթ Փեհլիվանյանին՝ սոպրան»:
Դիրիժոր, ջութակահար Ջորջ Փեհլիվանյանը (ծն. 1964թ., Բեյրութ) 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Ջորջ Փեհլիվանյանը ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայականներ: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «ՊրոՄյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991թ. սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Ի դեպ, տարիների ընթացքում նա առաջին ամերիկացին է, որ արժանացել է այդ պատվավոր մրցանակին: Ջորջի երգացանկում են Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի, Կոմիտաս, Խաչատրյան: 1992 թվականից հանդես է եկել Երևանում: Այնուհետև հեռացել է Հայաստանից: Ավելի քան 13 տարի Հայաստանում չլինելուց հետո կրկին ելույթ է ունեցել 2014 թվականին:
«13 տարի Հայաստանում ելույթ չեմ ունեցել, որովհետև հրավեր չեմ ունեցել: Ես չեմ սիրում ինձ ներկայացնել, ցուցադրել: Ուր հրավիրում են, այնտեղ եմ ելույթ ունենում: Իսկ Հայաստան 13 տարի ինձ չեն հրավիրել, եթե հրավեր լիներ, ավելի շուտ կգայի»,- ասել էր դիրիժորը: