Jerusalem Post. «Պետք է Հոլոքոստի հիշատակման օրը հարգենք մեկ պարզ քայլով` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմամբ»
Հայտնի սյունակագիր Հ. Գուդմանը, անդրադառնալով Jerusalem Post-ի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ խմբագրականին՝ «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», գրում է, որ այդ հոդվածով մատնանշվում է, թե ինչպես է Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի ժխտումը քաջալերել Հիտլերին հետագա ցեղասպանությունը ծրագրավորելու գործում:
««Այլեւս երբեք» արտահայտությունը, ցավոք, ձախողվել է հետագա ցեղասպանությունների՝ Կամբոջիայից մինչեւ Ռուանդա եւ Դարֆուր, կանխարգելման գործում: Մեկ ու կես միլիոն հայերի սպանության առնչությամբ «ցեղասպանություն» բառը չկիրառելու Միացյալ Նահանգների եւ Իսրայելի որոշմանը պետք է գումարել նաեւ այն, որ աշխարհը հանդուրժում է ցեղասպանության մեջ մեղադրվող նախագահի իշխելու փաստը, առանց համաշխարհային առաջնորդների կողմից իրականացվող զանգվածային բողոքի:
Չնայած նախագահ Բուշը Սուդանում տեղի ունեցած սպանությունները որակել է որպես ցեղասպանություն, եւ չնայած Ալ Բաշիրի վերաբերյալ Միաջազգային քրեական դատարանի կողմից ընդունված որոշմանը, Չինաստանի նման երկրները շարունակում են նավթային պայմանագրեր կնքել սուդանական առաջնորդի հետ: Աշխարհը չի պահանջել, որպեսզի Ալ Բաշիրը դատարանի առջեւ կանգնի մարդկության դեմ իրականացրած հանցագործության համար, հիմնականում այն պատճառով, որ ազգային շահը գերակայում է ցեղասպանության կանխարգելմանը»:
Հեղինակը նաեւ նշում է, որ թեեւ նախագահ Բուշի կողմից Սուդանի ջարդերի առնչությամբ կիրառվել է «ցեղասպանություն» բառը, Օսմանյան կայսրության օրոք առավել մեծ քանակությամբ հայերի սպանությունը ԱՄՆ նախագահների կողմից դեռեւս պաշտոնապես չի որակվել որպես «ցեղասպանություն»:
«Ուստի արդյոք «Այլեւս երբեք» արտահայտությունը մեզ համար միջոց է Հոլոքոստի ընդգրկունությունը սահմանելու համար, թե այդ բառն իսկապես նշանակում է, որ ցեղասպանությունները երբեւէ չպետք է արդարացվեն եւ մոռացվեն: Երբ որեւէ մեկը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը՝ որպես ժխտման միջոց կիրառելով իմաստաբանությունը, նա անտեսում է նաեւ կապը Հոլոքոստի հետ: Վեց միլիոն հրեաների, այդ թվում նաեւ մեկուկես միլիոն հրեա մանուկների հիշատակը կապված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիտլերի խեղաթյուրված տեսակետի հետ»:
Ըստ Գուդմանի՝ Իսրայելը, Ամերիկան եւ ողջ աշխարհը պետք է միանա ԱՄՆ Կոնգրեսին, պատմաբաններին, ավելի քան 20 երկրներին եւ պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Աշխարհը չպետք է թույլ տա, որպեսզի ցեղասպանությունը զիջի ռազմավարական շահերին:
«Պետք է Հոլոքոստի հիշատակման օրը հարգենք մեկ պարզ քայլով, որին կցանկանար ականատես լիներ նաեւ պրոֆ. Լեմկինը. Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմամբ»,-եզրափակում է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը