ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցությունը նոր թափ է ստացել
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցությունն այս տարի նոր թափ է առել. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ-ին` 55մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է իրականացնել ծրագիրը: Հայաստանի 10 մարզերում 40 ընտանիքի երազանք իրականություն կդառնա. 20 ընտանիք կունենա բնակարանային բարելավված պայմաններ, ևս 20 ընտանիք ավարտին կհասցնի ունեցած կիսակառույց տան շինարարությունը: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը ծրագիրը մեկնարկեցին Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում՝ Համոյանների տան շինարարությամբ:
«Մի ամբողջ կյանք՝ 20 տարի, իմ ընտանիքն ապրել է այս կիսակառույց տանը, բետոնապատ հատակի վրա, կաթացող տանիքով ու խոնավ պատերով: Երեխաներիցս երկուսն առողջական լուրջ խնդիրներ ունեն. աղջիկս ծնվել է սրտի արատով, տղայիս մեկ աչքը կույր է ի ծնե, վերջինս նաև հիվանդ է բռուցելոզով: Կինս ու ես, կարծես, կորցրել էինք հույսը, թե մեր կյանքում կարող է մի լավ բան լինել: Ու հիմա, երբ իրականանում է ընտանիքիս երազանքը, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,-ասել է ընտանիքի հայրը` Մուշեղ Համոյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմի համագործակցությունը սկսվել է դեռևս 2007թ.-ին: Առ այսօր այս համագործակցության շնորհիվ 53 ընտանիք ամուր տանիք ունի: Այս տարի ևս 40 ընտանիք կհամալրի այս ցանկը:
Երկար և արգասաբեր համագործակցության շնորհիվ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայուն սոցիալական ներդրում է կատարում Հայաստանի համայնքների պահպանման և զարգացման գործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորմամբ` ընկերությունը ստանձնել է տնազրկությունը Հայաստանում վերացնելու առաքելության մի մասը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախությամբ է աջակցում այս նախագծի իրականացմանը. բացի ռազմավարական նշանակությունից, այն իր մեջ կրում է նաև միասնականության, միմյանց օգնելու, ոգևորելու գաղափարը: Առանձնակի ուրախությամբ եմ լցվում, երբ տեսնում եմ, որ այդ գաղափարներով առաջնորդվում են մեր ընկերության աշխատակիցները և ցանկություն են հայտնում կամավորական սկզբունքով շինարարական աշխատանքներ իրականացնել այս ընտանիքների համար: Սա վկայում է այն մասին, որ մեր ընկերության որդեգրած արժեհամակարգը տարածվում է` ընդունվում և կիրառվում է աշխատակիցների շրջանում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հայաստանի ողջ տարածքում տնազրկությունը և վատ սոցիալ-տնտեսական պայմանները ստիպում են մարդկանց լքել իրենց տունը, հայրենիքը և լավ կյանքի ստվերներ փնտրել օտար ափերում: Տարիներ ի վեր մեր առջև ծառացած այս հիմնախնդրի լուծման լավագույն տարբերակներից մեկը սեփական ամուր տանիք և բավարար կենցաղային պայմաններ ունենալն է: Մարդը, որը սիրում է իր տունը, երբեք այն չի լքի»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան