The Wall Street Journal. Օբաման նորից չի ասելու
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հոդվածագիր Բայրոն Թաուն գրում է, որ թեև այս տարի ԱՄՆ-ն առավել ուժեղ ճնշումների տակ է, սակայն նախագահ Բարաք Օբաման կրկին չի կատարելու իր խոստումը, քանի որ Սպիտակ տունը «Ցեղասպանություն» եզրույթն ասելու ոչ մի նշան չի տվել:
«Սպիտակ տունն ազդակ է տվել, որ նախագահ Բարաք Օբաման չի ասելու «Ցեղասպանություն» բառը` Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածը բնութագրելու համար` շարունակելով չկատարել երկար ժամանակ տված խոստումը: Օբաման որպես նախագահի թեկնածու 2008 թվականին գործածել է «Ցեղասպանություն» բառը` ասելով, որ «Հայոց ցեղասպանությունը ոչ թե պարզապես պնդում, կարծիք ու տեսակետ է, այլ պատմական հստակ փաստ՝ ամրապնդված վիթխարի քանակությամբ պատմական ապացույցներով»:
Բացի այդ, նա խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն պաշտոնը ստանձնելուց հետո Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակցության աշխարհաքաղաքական մտահոգությունները Օբամայի վարչակազմին ստիպեցին հետ կանգնել 2008 թվականին տված խոստումից: Թուրքիան` որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային դաշնակից, ընդդիմացել է օրենսդրական ջանքերին՝ որոշել թե արդյոք սպանություններն իրոք ցեղասպանություն էին:
Սպիտակ տունն, այս տարի, երբ նշվում է կոտորածների 100-րդ տարելիցը, առավել ուժեղ ճնշումների տակ է, թեև մամուլի խոսնակ Ջոշ Էրնստն ասել է, որ ցեղասպանություն տերմինից խուսափելու քաղաքականության փոփոխություն չկա:
«Նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս ճանաչել են պատմական փաստը, որ 1.5 մլն հայ է սպանվել կամ ստիպողաբար մահվան ուղարկվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»,-ասել է Էրնստը` ավելացնելով, որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը բոլորի` այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի շահերից է բխում:
Սակայն պրն. Էրնստը նաև ասել է, որ ԱՄՆ-ի` այս տերմինից խուսափելու վաղեմի դիրքորոշումը չի փոխվի այս ամիս արվող հայտարարության մեջ:
«Ես միշտ ներկայացրել եմ 1915 թվականի վերաբերյալ իմ տեսակետը, և այն չի փոխվել»,-2014 թվականին ասել է Օբաման` չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը:
Թուրքիան ասում է, որ կոտորածների` ցեղասպանություն լինելու հարցի պարզաբանումը այսօրվա կառավարության խնդիրը չէ, սակայն ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զանգվածային սպանություններն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»` կոչ անելով Թուրքիայի ճանաչել այն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան