Գայլերի որսի մասին կառավարության որոշումը զայրացրել է բնապահպաններին
Կառավարության այն որոշումը, որ այսուհետ մեկ գայլի որսի համար նախկին 100 հազար դրամի փոխարեն որսորդներին հատկացվելու է 123 հազար դրամ, խիստ զայրացուցիչ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:
Ապրիլի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշվեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետևանքով որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինել 123 հազար 346 դրամով:
Ս. Ադամյանը տեղեկացրեց, որ իրենք վերջերս հանդիպել են ՀՀ բնապահպանության նախարարի հետ, ով խոստացել է, որ կաշխատի գայլերի որսի հարցը զուտ սպանդի ճանապարհով չլուծել, ավելին, գայլերի հարձակումներից գյուղացիներին պաշտպանելու համար սերտորեն կաշխատի գյուղական տնտեսությունների հետ. «Կառավարության վերջին որոշմամբ, սակայն, որսի գինը բարձրացնելով՝ բացեց որսորդների ճանապարհը՝ նրանց շահագրգռելով ավելի ու ավելի մեծ թվով գայլեր սպանել»:
Կառավարության և կոնկրետ նախարարության հետագա որոշումների ու գործողությունների վրա ազդելու նպատակով՝ էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողը նշեց, որ այժմ ստիպված են լինելու նամակներ գրել կենդանապաշտպան միջազգային կազմակերպություններին:
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական միության Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նարե Արամյանի կարծիքով էլ, ՀՀ կառավարությունն արհամարհում է միջազգային կոնվենցիաները, որոնց միացել է:
Նա նաև հավելեց, որ Հայաստանում գայլի մորթին վաճառվում է 300 դոլարով:
Թեմային առնչվող նյութեր՝
Նախարար.Գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում
Հայաստանում գայլերի տեղաշարժի հետ կապված որևէ ուսումնասիրություն չի կատարվել. բնապահպան
Եթե 6-7 տարի կանգնեցվի կենդանիների որսը, գայլերի հարձակումները գյուղերի վրա կդադարեն. Բնասեր
«Գյուղական տնտեսությունների վրա ավելի շատ վայրի շներ են հարձակվում, քան գայլեր»