Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը նախադեպ կարող է հանդիսանալ. Արմեն Մուրադյան
Հունվարի 1-ից հանրապետությունում մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 457 քաղաքացի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նրանցից 430-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։
Նախարարը հիշեցրեց, որ եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:
Ա.Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծրագիրն իրականացվում է Երևանի 8 բուժհաստատությունում, ինչպես նաև Գորիսի և Գյումրիի բժշկական կենտրոններում: «Կարծում եմ, որ ծրագիրն իր էությամբ նախադեպ կարող է հանդիսանալ հետագայում պետպատվերի գործընթացները բարելավելու ուղղությամբ»,- ասաց Ա.Մուրադյանը:
Նախարարի խոսքերով` կարևոր ձեռքբերում էր նաև այն, որ 2015թ. ապրիլից հաջողվեց ապահովել ոչ դեղապատ ստենտների ներկրումն առանց ԱԱՀ-ի, ինչը կնպաստի սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնմանը և թույլ չի տա, որպեսզի ծառայության գներն աճեն:
Առողջապահության նախարարը հայտնեց նաև, որ 2015թ. առաջին եռամսյակում կանխարգելիչ բժշկական զննություն է անցել սոցիալական փաթեթի 6068 շահառու, որոնք հավասարապես բաշխված են Երևանում և մարզերում (շահառուների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 90 հազարի): Կանխարգելիչ բժշկական զննության այս բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթում ընդգրկված ծառայություններից հաջորդ տարի օգտվելու համար։
Նշենք, որ սոցիալական փաթեթի շահառուներին առաջարկվող ծառայությունների ցանկում այս տարի ավելացել են արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Բացի այդ, շահառուները հնարավորություն են ստացել իրենց սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով իրենց կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը:
Ա.Մուրադյանն անդրադարձավ նաև 2015 թվականի հունվարից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի սկրինինգային մասին, որն ուղղված է արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը: Առաջին եռամսյակում, ըստ նրա, տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում արդեն իրականցվել է շուրջ 4 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն և 37 հազար քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա