Հայ ծանրորդների համար Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն ավարտվեց
Հայաստանի ծանրորդների համար Թբիլիսիում այսօր ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի վերջին պատվիրակ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտի 397 կգ (181 կգ+216 կգ) ցուցանիշով գրավեց հինգերորդ տեղը: Թեև նա ընդամենը 18 տարեկան է, բայց մեդալ էինք ակնկալում: Նկատի ունենք Սիմոնի բնածին օժտվածությունը և այն, որ բարձր կիլոգրամներ սանձելով` Գեղակերտի (նախկին Սամաղար) ծանրամարտի մարզադպրոցի սանը նախորդ մրցաշրջանում նվաճեց Նանջինգի օլիմպիական պատանեկան ամառային խաղերի չեմպիոնի կոչումը: Բայց ավագների պայքարի լավագույն հնգյակում տեղ ունենալն էլ պատիվ է «Սևան» մարզընկերության սանի համար:
Ընդհանրապես՝ «Սևանը» հինգ ներկայացուցիչ (4 տղամարդ, մեկ կին) էր գործուղել Թբիլիսի: Տղամարդկանց մրցելույթների մասին արդեն հայտնել ենք: Առավել ուրախացնողը նշված կազմակերպության քասախցի անվանի մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանի «բեմելն» էր: Մայրանալուց հետո Հռիփսիմեն աստիճանաբար բարելավում է իր մարզավիճակը, դրսևորում է կամային բարձր հատկանիշներ: Ահավասիկ, երկամարտի 254 կգ (113 կգ+141 կգ) արդյունքով նա ծանրքաշայինների պայքարում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, եզրափակեց լավագույն քառյակը: Ավելին՝ հրում վարժությունում մեր մարզուհին գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշարժան էր պարգևատրության արարողությունը: Նկատի ունենք այն, որ մեդալը վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանի սանուհուն հանձնեց օլիմպիական խաղերի չեմպիոն, թբիլիսցի ծերունազարդ Ռաֆայել Չմշկյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան