Նախարար. 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բարձրացվել է բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բարձրացվել է բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով` համաճարակաբանական հսկողությունը ուժեղացվել է սահմանային անցումային կետերում, ուժեղացվել է նաև պոլիկլինիկական ծառայությունը և բոլոր հյուրանոցները կցվել են համապատասխան պոլիկլինիկաների:
«Բոլոր բուժհաստատությունները ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագներով, դեղորայքով, նախատեսված բոլոր միջոցառումների ժամանակ կհերթապահեն «շտապօգնության» բրիգադները»,- ասաց Ա.Մուրադյանը` հավելելով, որ հստակեցվել են ապրիլի 23-ից 24-ը Երևանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության մեքենաների հերթապահությունները և տեղակայումը:
Նախարարությունում ևս կսահմանվի հերթապահություն աշխատանքները համակարգող խորհրդի կողմից` նախարարի և փոխնախարարների ղեկավարությամբ։ Կուժեղացվի «թեժ գծի» ծառայությունը։ Գործող 52-88-72 հեռախոսահամարինկավելանանևսերկուսը` (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83։
Ա.Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծված համակարգող խորհուրդը շարունակում է բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ տրամադրել 28 ականատես-վերապրածի:
Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիան ևս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ: Ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2014 թվականին` Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ:
Նշենք, որ ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:
Բացի վերապրածներին, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին ևս ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանի ապրիլի սկզբին կատարվել է աուդիո մետրիկ հետազոտություն, որոնց արդյունքների հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կտրամադրի լսողական սարքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա