Հուլիսի 1-ից շաքարային դիաբետով հիվանդները կստանան ֆրանսիական արտադրության «Դիաբետոն»
Հուլիսի 1-ից շաքարային դիաբետով հիվանդներին կտրամադրվի ֆրանսիական արտադրության «Դիաբետոն» դեղը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով` 2015 թվականի կարիքների համար պետական գնումների միջոցով ձեռք է բերվելու 2.5 մլրդ դրամի դեղ։ Այս ոլորտում, ըստ նրա, նորույթ է շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ հաբերի ձեռքբերումն անմիջապես արտադրողից։
Նշենք, որ 2013թ-ից դիաբետով հիվանդներին պետպատվերով անվճար տրամադրվող եվրոպական արտադրության որոշ դեղեր փոխարինվել են հնդկական արտադրության դեղերով, ինչը լուրջ դժգոհությունների առիթ էր հանդիսացել: Թերևս, ամենախնդրահարույցը «Դիազոն ՄՌ»-ն է, որը փոխարինելու է եկել ֆրանսիական արտադրության «Դիաբետոնին»:
Ա.Մուրադյանը նշեց, որ կառավարության որոշմամբ` նախատեսվում է 2015-2019 թթ-ին շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհրաժեշտ «Դիաբետոն ՄՌ» 60 մգ դեղը ձեռք բերել ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից: Նրա խոսքերով` անմիջապես արտադրող «Սերվիե» ընկերությունից 2015թ. համար ձեռքբերվող «Դիաբետոն» դեղի համար կծախսվի 280.7 մլն դրամ (մեկ դեղահաբը` 36.7 դրամ)` տնտեսելով 61.2 մլ դրամ: «Շաքարային դիաբետով հիվանդների 77 տոկոսը կապահովվի անհրաժեշտ հաբերով` նախորդ տարիների շուրջ 30 տոկոսի փոխարեն»,- ասաց Ա.Մուրադյանը:
Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է առաջին տիպի դիաբետով տառապող երեխաների համար մոտ ապագայում գնել հատուկ գրիչ-ներարկիչներ, որոնք նրանց բուժման գործընթացն ավելի հեշտ կդարձնեն:
Ա.Մուրադյանը նշեց նաև, որ պարզեցրել են ԵՏՄ երկրներից բերվող դեղերի հնարավոր ցանկերը, կարճացրել են ժամկետները` հաշվի առնել, որ գնային քաղաքականությունը տարբեր էր: «Հնարավորություն ընձեռեցինք, որ մեր գործարարները հնարավորություն ունենան ավելի հեշտացված ճանապարհով ներկրեն դեղերը, սակայն դա չպետք է լինի ի հաշիվ որակի»,- նշեց նախարարը: Նա ասաց, որ հանդիպել են դեղագործական կազմակերպությունների ղեկավարների հետ և դեղերի գների իջեցման միտումներ կան:
Նախարարի խոսքերով` վերջին մեկ տարում դեղորայքային քաղաքականության ոլորտում ունեցած կարևոր ձեռքբերումը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի լրամշակված և հստակեցված տարբերակի և հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալն է։ Դրանցում ամրագրված են դեղերի ողջ շրջանառության, բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովման, դրանց ֆիզիկական և տնտեսական մատչելիության գործընթացների կարգավորումը։