The Wrap. Ռեժիսորները դատապարտում են Ռասել Քրոուի ֆիլմը հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
«1915» ֆիլմի ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանը և Ալեքսա Մուխիբյանը բաց նամակ են գրել «Ուորներ Բրադերս» կինոընկերությանը Ռասել Քրոուի «The water diviner» (Ջուր փնտրողը) ֆիլմի առնչությամբ: The Wrap-ը հրապարակել է բաց նամակի տեքստը:
Նամակում մասնավորապես ասվում է, որ Ռասել Քռոուի պատմական դրաման, որը պատրաստվում է թողարկել Ուորներ Բրադերսը, ներկայացնում է թուրքերին որպես զոհեր 1915թ.-ի Գալիպոլիի ճակատամարտում, ովքեր ի վերջո հաղթանակ տարան իմպերիալիստական արևմուտքի դեմ առաջին համաշխարհային պատերազմում:
«Խնդիրն այն է, որ 2015թ.-ի ապրիլի 24-ը նաև հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, որն իրականացվել էր այդ նույն թուրքական կառավարության կողմից` մի փաստ, որը լռության է մատնում «Ջուր փնտրողը» ֆիլմը», - գրում են նամակի հեղինակները` հիշեցնլով, որ հենց ապրիլի 24-ին` զորքերի Գալիպոլի ժամանելու նախորդ գիշերը, երիտթուրքերի ռեժիմը սկսեց իրականացնել հայերին ոնչացնելու իր ծրագիրը:
Նամակում ասվում է նաև, որ առ այսօր Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը և 1915թ.-ի պատմությունն աղավաղելու նպատակով օգտագործում է Վաշինգտոնում լոբբիստական խմբերին, հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներին, ինչպես նաև հոլիվուդյան ստուդիաները:
«Քրոուի ֆիլմը դրա փայլուն օրինակն է. այն դիտելով ոչ ոքի մտքով չի անցնի, որ Օսմանյան կայսրությունում հայերը երբևէ գոյություն են ունեցել, առավել ևս որ նրանց հանդեպ ժամանակակից պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է իրականացվել»,- գրում են ռեժիսորները` զգուշացնելով, որ եթե ֆիլմը թողարկվի, ապա այն կլինի ամենաբարձր որակի պրոպագանդան, որ երբևէ հրապարակվել է ցեղասպանության ժխտմանը ծառայելու համար:
Հիշեցնելով, որ ապրիլի 24-ին միլիոնավոր հայեր ողջ աշխարհում երթի են դուրս գալու ցեղասպանությունը հիշատակելու` նամակի հեղինակները հարցնում են. «ինչպե՞ս եք ակնկալում, որ մենք արձագանքենք այդ ֆիլմի թողարկմանը հենց այն օրը, երբ մենք սքում ենք մեր կորուստը և պահանջում Թուրքիայից առերեսել իր մութ պատմությունը»:
«Մենք չգիտենք, թե ինչպես է պարոն Քրոուն, հիմա էլ Ուորներ Բրադերսը, հասել այս կետին… Եթե պարոն Քրոուի կողմից միլիոնավոր զոհերի հիշատակը վիրավորելն ու անարգելը պատահականություն էր, ապա հայկական համայնքը կարող է ի վերջո ներել նրան: Սակայն եթե դուք հիմա, այնուամենայնիվ, թողարկեք ֆիլմը ապրիլ ամսին, մենք այլևս չեն կարող դա պատահականություն համարել: Դա կարող է միայն դիտվել որպես մասնակցություն երբևէ իրականացված ամենասոսկալի հանցագործության ժխտմանը… և դա կստանա այն վերաբերմունքն ու հակահարվածը, որին արժանի է», - եզրափակում են հեղինակները Ուորներ Բրադերսին ուղղված իրենց նամակը: