Թուրքիան խնդիրներ է ստեղծում Ցեղասպանության օրվան ընդառաջ. Agence France-Presse
«Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպում է պատերազմի իրական ամսաթվից մեկ օր շուտ՝ արժանանալով սուր մեղադրանքների, որ այդպիսով փորձում է ստվեր գցել օսմանյան զորքերի կողմից իրականացված հայերի կոտորածներին նվիրված հիշատակի արարողությունների վրա», գրում է Ստուարտ Ուիլիամսը Agence France-Presse-ում տպագրված իր հոդվածում, որը ներկայացնում ենք մասնակի կրճառումներով:
Ըստ հեղինակի՝ հայերը զայրացած են Թուրքիայի այս քայլով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանին մեղադրել է ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք հիշատակի միջոցառումներից «համաշխարհային ուշադրությունը շեղելու» դիտավորության մեջ:
«Օրացուցային բախումը աշխարհի պետական գործիչներին բարդ դրության մեջ է դրել, քանի որ վերջիններս ստիպված են ընտրել, թե որ արարողությանն են մասնակցելու, ինչպես տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պարագայում, որը տնտեսական եւ քաղաքական պատճառներից ելնելով ձգտնում է երկու կողմին էլ չվիրավորել»:
Ռուսական Կոմերսանտ թերթը գրում է՝ «Կրեմլը ստիպված է հավասարակշռություն պահպանել Անկարայի եւ Երեւանի միջեւ եւ դիտարկել ռուսական ղեկավարության հավանական մասնակցությունը նույն օրը կայանալիք հիշտակի երկու միջոցառումներին»:
«Սա հարյուրամյա տարելիցին ընդառաջ դրսեւորվող քաղաքական կեցվածքի եւ քաղաքական հռետորաբանության մեկ այլ օրինակ է», նշել է Երեւանում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Սա համառ եւ զգացմունքային փուլ է, որում յուրքանչյուր կողմ ձգտում է սուր արձագանք հրահրել», հավելել է նա:
Օրերի շուրջ իրարամերժությամբ ստեղծված լարվածությունն առավել սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիան, ի պատասխան Հռոմի պապի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառման, վերահաստատեց իր ժխտումը, որ որեւէ ցեղասպանություն տեղի չի ունեցել:
«Թուրքիայում լայնորեն տարածված հավատամք կա, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել կամ դա իրականում ծրագրված չի եղել», ասել է Քարնեգի կենտրոնի հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Մարկ Պիերինին:
Երկու կողմերի միջեւ առկա թշնամանքը բավականին խորն է, սակայն դեռեւս հույս կա, որ տարելիցից հետո Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կկարգավորվեն:
«Հաշտեցման համար սերունդներ են պահանջվում: Սակայն կարգավորումը առաջին կարեւոր քայլը կլինի», ասել է Կիրակոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին