Հարավային Աֆրիկայում 300 մարդ է ձերբակալվել ներգաղթյալներին սպանելու համար
Ավելի քան 300 մարդ է ձերբակալվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ կապված արատասահմանցի ներգաղթյալների դեմ բռնության ալիքի հետ: Ներգաղթյալները հիմնականում աֆրիկյան այլ երկրներից են, նաև Ասիայից: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Երկրի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է հարձակվողներին, որ նրանք պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ: Վերջին 2 շաբաթում բռնության հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ: Զինված ավազակախմբերը հարձակվել են արտասահմանցիների խանութների վրա՝ մեղադրելով նրանց, որ տեղացիներից խլում են աշխատանքը: Հազարավոր արտասահմանցիներ ստիպված են եղել լքել տները և թաքնվել ժամանակավոր ճամբարներում: Հարևան Զիմբաբվեն, Մալավին և Մոզամբիկը հայտարարել են իրենց քաղաքացիների տարհանման ծրագրերի մասին: