Ապրիլի 23. Ցուցահանդես, միջազգային ֆորում, լռության րոպե, սրբադասման արարողություն և 100 զանգ եկեղեցիներում
Ապրիլին 22-23-ին Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին 600 մարդ է մասնակցելու՝ քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: Լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
Համաժողովի գլխավոր համակարգողներն են՝ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ասուլիսին ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն ասաց, որ համաժողովի առաջին օրը շեշտը դրվելու է Ցեղասպանության իրավական և քաղաքական ասպեկտների վրա, երկրորդ օրը հիմնականում ելույթ են ունենալու տարբեր երկրներից ժամանած պատգամավորներ:
Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ ֆորումին զուգահեռ գործելու են նաև ցուցահանդեսներ. մոտ երկու հազար անուն գիրք է ցուցադրվելու, նաև լուսանկարներ՝ ներկայացվելով աշխարհի առաջատար գործակալությունների՝ այսօր աշխարհի ամենավտանագավոր կետերում լուսանկարահանողների աշխատանքները:
Ապրիլի 23-ին տեղի է ունենալու Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Այդ օրը Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև տեղի կունենա սրբադասման արարողությունը: Վ. Սարգսյանը նշեց, որ բացառիկ երևույթ է, երկար դարեր Հայ առաքելական եկեղեցին սրբադասման կարգ չի կատարել: Սրբադասման կարգի ավարտից հետո ժամը 19:15-ին լինելու է համազգային լռության րոպե. «Ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում և սփյուռքում մի պահ կանգ կառնեն, լռություն կպահպանեն և կհիշեն իրենց ընտանիքի, ժողովրդի պատմությունը, հարգանքի տուրք կմատուցեն ցեղասպանության անմեղ զոհերին: Այդ պահին նաև բոլոր հայկական եկեղեցիների հուժականի զանգերն են հնչելու՝ հարյուր անգամ: Հայկական եկեղեցիներին որոշել են միանալ նաև աշխարհի տարբեր երկրների եկեղեցիները»:
Նույն օրը 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց է հանրության համար ռոք համերգը: Մուտքն ազատ է, բայց սահմանափակում է լինելու, 50 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան