Արցախի խորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել, որի մեջ նշվում է հետևյալը.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը`
- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
- ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին,
- կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը,
- երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝ կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»։