Ադրբեջանում ահազանգում են. երկրի տնտեսության առաջ լուրջ խնդիրներ են ծառացել
Ադրբեջանում ահազանգում են. նավթի համաշխարհային գների անկման հետ կապված Ադրբեջանում արտահանումը խիստ նվազել է, իսկ ներմուծումը` աննախադեպ աճել: Այսպես, Ադրբեջանի մաքսային կոմիտեի կողմից 2015 թվականի առաջին եռամսյակի վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, արտահանումը 37,07 տոկոսով նվազել է, իսկ ներմուծումը` 37,66 տոկոսով աճել: Այս մասին ադրբեջանական «Ազադլիգ» թերթի հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության գծով փորձագետ Վահիդ Մահարամովը:
Նրա խոսքերով` այս ամենում ամենաբացասականն այն է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 19,64 տոկոսով աճել է Ադրբեջան ներկրվող պարենային ապրանքների ծավալը:
«Ներկրվող ապրանքների շարքում տեղ է գտել ռազմավարական նշանակության պարենային ապրանքները և գյուղատնտեսական արտադրանքը: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` 73,76 տոկոսով աճել է հատիկազգիների ներկրման ծավալը, այդ թվում` 68,97 տոկոսով մեծացել է հիմնականում հացի ու հացամթերքների արտադրության համար նախատեսված ցորենի ներկրումը, 10,12 տոկոսով` մսի ներկրումը, 12,66 տոկոսով` ձվի ու բնական մեղրի, 6,2 տոկոսով` կաթի, 48,43 տոկոսով` կարագի, 194,07 տոկոսով` պտուղ-բանջարեղենի, 28,11 տոկոսով` տարբեր պարենամթերքների ներկրումը», -հայտարարել է փորձագետը:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով` 2015-ի առաջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանում ստեղծվել են 24 պետական ու 32` քաղաքապետարաններին պատկանող, 147` արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ ընկերություններ, որոնց 70 տոկոսը խիստ կասկածելի է կամ կեղծ: