«System of a Down» -ը, հանրահռչակ նվագախմբերը, երաժիշտներն ու մենակատարները՝ Հայաստանում. Ապրիլի 23, 24
«System of a Down» խմբի տղաները մեծ ոգևորությամբ ընդունեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ելույթ ունենալ Երևանում և դրան նախորդող համաշխարհային շրջագայություն կազմակերպել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Տղաներն այդ համերգները կազմակերպում են ինքնուրույն, կենտրոնական գրասենյակի կողմից առանց որևէ աջակցության: Հարյուր հազարավոր մարդիկ հաղորդակից են դառնում Հայոց ցեղասպանության խնդրին: Այն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործին»,- ասաց նա՝ հավելելով, որ իրազեկության առումով կարևորագույն գործառույթ ունի այս համերգաշարը:
SOAD ռոք խմբի ներկայացուցիչ Արմեն Կուպելյանը լրագրողներին ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake up the souls Tour 2015» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում «System of a Down» ռոք խումբն իր համերգաշարը սկսել է Լոս Անջելեսում: Ընդհանուր առմամբ, խումբը ութ համերգով է հանդես եկել, վերջինը Հայաստանում է:
Նշենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում խմբի համերգը կայանալու է ապրիլի 23-ին:
Ապրիլի 24-ին ժամը 20:15-ին Հայաստանի կենտրոնական հրապարակում կկայանա «Վերածնունդ» խորագրով համերգ: Ելույթ կունենա «24/04» ամաշխարհային նվագախումբը: Համաշխարհային հավաքական նվագախումբը կազմված է 43 երկրից ժամանած 123 կատարողից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի բոլոր ծայրերից՝ Հայաստան, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բեսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կուբա, Կիպրոս, Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան, Սիրիա, Միացյալ Թագավորություն, Հունաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ուզբեկստան և այլն:
Երաժիշտները ներկայացնում են աշխարհի լավագույն նվագախմբերը՝ Գերմանիայի սիմֆոնիկ, Վարշավայի ֆիլհարմոնիկ, Ֆրանկֆուրտի ռադիոյի սիմֆոնիկ, Սարաևոյի ֆիլհարմոնիկ, Ռոււսաստանի պետական ակադեմիական Բոլշոյ թատրոնի, Համաշխարհային խաղաղության նվագախմբերը և այլն:
Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարիանան և Միխայիլ Յուրովսկին, ովքեր նաև ուղերձներով հանդես կգան: Մենակատարների թվում են բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է, ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, կրկին միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը և դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը: «24/04» նվագախումբը կատարելու է վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Չորս մասից բաղկացած համերգում կհնչեն Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի, Ղ. Սարյանի, Ա. Հարությունյանի, Մ. Եկմալյանի, Ա. Տերտերյանի, Է. Միրզոյանի և այլոց ստեղծագործություններից:
Սերգեյ Սմբատյանը նաև հայտնեց, որ ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները, ինչպես նաև տեսարաններ ջարդերից, գաղթի ճանապարհից, անդրադարձ կլինի մեծ հումանիստներին, ինքնապաշտպանական մարտերին, հայկական գաղթօջախներին, վերածնված Հայաստանին, Արցախի ազատագրմանը: